Aysor.am-ը գրում է․

Ջերմուկ քաղաքի բնակիչները պնդում են՝ Ամուլսար տանող ճանապարհը մինչև հարցի վերջնական լուծումը փակ կմնա։ «Հարգում ու ընդունում ենք վարչապետին, կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը, բայց այս հարցում ուղղակի հնարավոր չէ իր ասածն իրականացնել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը։

- Պարո՛ն Բունիաթյան, Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ «այս պահին փաստն այն է, որ ՀՀ կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի»: Ամուլսարի հանք տանող ճանապարհները ապաշրջափակելու վարչապետի կոչից անցել է շուրջ 20 օր: Արդյոք նրա այդ պահանջը կատարվե՞լ է: 

- Որպես Ջերմուկ քաղաքի բնակիչներ, ովքեր տեսել են, թե Ամուլսարում շինարարության ժամանակ ինչ է կատարվում Ջերմուկում՝ առողջարանային գոտու հետ, որևէ պարագայում թույլ չենք տալու հանքի շահագործումը։

Չմոռանանք նաև, որ այդ հայտարարության ժամանակ վարչապետն ասաց նաև, թե հնարավոր է նաև ծանրակշիռ իրավական պատճառ լինի հանքը չշահագործելու համար։ Մենք վստահ ենք, որ ճշմարտության որոնման համար մինչև վերջ գնալով վարչապետը կգա եզրահանգման, որ Ամուլսարում հանքն ուղղակի շահագործել չի կարելի։

- Ո՞ր դեպքում Ամուլսարը պահպանողները կապաշրջափակեն հանք տանող ճանապարհը։

  • Այսօր ողջ համայնքի բնակչության մեծամասնությունն է կանգնած այնտեղ, ովքեր էլ որ «պոստ» չեն կանգնում, միևնույն է, այն դիրքորոշմանն են, որ Ամուլսարում պետք է հանքարդյունաբերություն չլինի։ Մարդիկ շատ հարգում են վարչապետին, բայց Ամուլսարը դիտարկում են որպես հայրենիք ու մինչև հարցի վերջնական որոշումը ճանապարհը չի բացվելու։ Վարչապետի՝ մոտ 20 օր առաջ արած հայտարարությունից հետո հանրային բաց քննարկում ենք արել համայնքի բնակչության շրջանում, մեծամասնությունն այն դիրքորոշմանն է, որ մենք հարգում ու ընդունում ենք վարչապետին, կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը, բայց այս հարցում ուղղակի հնարավոր չէ իր ասածն իրականացնել։ Ճանապարհները մինչև հարցի վերջնական լուծումը փակ կմնան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել