Ասում են, որ հանճարեղ մարդիկ միշտ էլ ունենում են իրենց տարօրինակությունները, ու երբեմն հենց հանճարեղությունն է նրանց տարօրինակ դարձնում։ Այս 6 հանճարները կապացուցեն ձեզ վերը նշված տեսությունն ու կստիպեն ապշել իրենց տարօրինակ սովորությունների վրա։ 

Կլարկ Գեյբլ

Կլարկ Գեյբլը համարվում է Հոլիվուդի արքաներից մեկը։ Դերասանը հասցրեց գրավել իր բազմահազարանոց երկրպագուների սրտերը, սակայն նրանք չէին էլ կասկածում, որ դերասանն ունի տարօրինակ մի սովորություն։ Գեյբլը չափազանց մաքրասեր էր։ Նա անգամ նկարահանումների ընթացքում չէր կարողանում հրաժարվել իր ծայրահեղ մաքրասիրությունից։ Դերասանը ընթացքում մի քանի անգամ լողանում էր և լվանում էր շորերը։ Իսկ այ վաննայում պառկած լոգանք ընդունելը նրան սարսափի էր հասցնում։ Ինչպե՞ս կարելի էր պառկել մի ջրի մեջ, որը արդեն հասցրել էր հաստատ կեղտոտվել։ Նա լողանում էր միայն հոսող ջրի տակ, որ ջուրը չհասցներ միկրոբներով լցվել։ 

Չարլզ Դարվին

Չարլզ Դարվինը՝ նա, ով փորձում էր ապացուցել, որ մարդն առաջացել է կապիկից, իր ապացուցման ճանապարհին ուղղակի չէր կարող չանել տարօրինակություններ։ Նա սովորություն ուներ. ուտում էր իր ճանապարհին հանդիպած բոլոր բույսերը։ Այսպես՝ իր ճանապարհորդությունների ընթացքում Դարվինն այնքան նոր բույսեր էր ուտում, որ երբեմն ինքնազգացողությունը վատանում էր։ Սակայն Դարվինը վստահ էր, որ միայն այդպես կարող էր հասկանալ բնությունն ու այն հետազոտել։ 

Սառա Բերներ

Թերևս ամենատարօրինակ սովորույթով օժտված էր հայտնի դերասանուհի Սառա Բերները։ Նա փոքրուց մեծացել էր չափազանց վտիտ ու նիհար, այդ պատճառով հիվանդանոցներում ժամանակ անցկացնելը նրա համար սովորական երևույթ էր։ Բժիշկները Սառային գուժել էին մոտալուտ մահվան մասին։ Դա է պատճառը, որ Սառայի մայրը նրան դագաղ էր նվիրել, որտեղ աղջիկը քնում էր, ժամանակ էր անցկացնում, իր հետ տեղափոխում էր հյուրախաղերի ու անգամ պարապում էր իր դերերը։ 

Չարլզ Դիքենս

Դիքենսը պարզապես խելագարվում էր դիահերձարանների համար։ Մի անգամ Փարիզում նա այցելել էր տեղի դիահերձարաններից մեկն ու չէր կարողացել կտրվել կախված մարմինների տեսարանից։ Դիքենսի գրքերն ու մտքերն այնքան դեպրեսիվ էին, որ նրա հոգեբանը պատվիրել էր նրան ամեն օր շամպայն օգտագործել՝ տրամադրությունը գոնե մի քիչ բարձրացնելու համար։ 

Կոկո Շանել

Տարօրինակ սովորություններով էր առանձնանում նաև հայտնի գեղեցկուհի ու նորաձևության կրկնօրինակման առարկա Կոկո Շանելը։ Նա ստիպում էր, որ անգամ իր տան աստիճանները միշտ ցողեն օծանելիքով։ Սակայն սա դեռ ամենը չէր։ Գեղեցկուհին իր հետ միշտ մկրատ էր կրում՝ վզին կախված կամ պայուսակում դրված։ Մի անգամ նրա մոդելներից մեկն իր ցուցադրությանն էր գնացել ուրիշ դիզայների հագուստով։ Կոկոն հանեց մկրատն ու սկսեց զգեստը կտրտել։ Վերջում նա ավելացրեց. «Այ հիմա այն ավելի նորաձև է»։ 

Սալվադոր Դալի

Իհարկե, Դալիի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրա ամբողջ կյանքը լի էր տարօրինակություններով։ Բացի նրանից, որ նկարիչը երբեմն սիրում էր հանրության առաջ մերկ ներկայանալ, նա տարօրինակ մնաց անգամ իր մահվանից հետո։ Դալին պատվիրեց, որ իր մարմինը թաղեն այնպես, որ նրա վրայով միշտ մարդիկ քայլեն։ Այժմ նկարչի մարմինը թաղված է իր թանգարանի հենց հատակում։ Հազարավոր մարդիկ ամեն օր «տրորում են» տարօրինակ նկարչի մարմինն իրենց ոտքերով, ինչպես որ Դալին ցանկացել էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել