Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։

Ցուցադրվել է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը: 

ՀԱԳ անցկացման ընթացքում հատուկ ստորաբաժանումները ցուցադրել են այնպիսի օպերատիվ-մարտավարական գործողություններ, ինչպիսիք են հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակումն ու չեզոքացումը:

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:

Առաջին փուլի ընթացքում ԱՊՀ ՀԱԿ-ին առընթեր համակարգման շտաբի աջակցությամբ (ս.թ. սեպտեմբերի 9-ից 13-ը) ԱՊՀ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների կողմից անցկացվել են համաձայնեցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների (ՄԱԿ) զինյալների բացահայտման, քողարկված ահաբեկչական ցանցի բացահայտման, Համագործակցության պետությունների վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում և կարևորագույն նշանակության այլ օբյեկտներում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների կանխարգելման ու կանխման ուղղությամբ:      

Մշակվել են ԱՊՀ իրավասու մարմինների փոխգործակցության հարցերը, այդ թվում՝ նաև ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների կոլեկտիվ օգտագործման տեղեկատվական համակարգերի հնարավորությունների օգտագործմամբ, իրական պայմաններում փորձարկվել են ահաբեկչական գործողությունների արձագանքման պետական համակարգերը:   

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է վարժանքի եզրափակիչ փուլը՝ սահմանապահ գոտում ահաբեկչական ուղղվածության ապօրինի զինված կազմավորումների շրջափակմանը և ոչնչացմանը, բնակավայրը գրաված պայմանական ահաբեկիչների խմբի ոչնչացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության և ԱԱԾ սահմանապահ զորքերի համատեղ հատուկ գործողությունը: ԱԻՆ ստորաբաժանումները կցուցադրեն ահաբեկչական գործողության հետևանքների նվազեցմանն ուղղված գործողություններ:  

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքները հանդիսանում են Համագործակցության երկրների գործնական փոխգործակցության համակարգի կարևոր բաղադրիչ տարրը: Դրանց հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացումը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով:

ԱՊՀ-ում դրանց անցկացման իրավական հիմքն է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում հակաահաբեկչական համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման կարգի մասին» կանոնակարգը և երեք տարի ժամկետով ընդունվող Ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագիրը:  

2001 թվականից սկսած՝ ԱՊՀ ՀԱԿ հովանու ներքո կազմակերպվել են 15 նման վարժանքներ, դրանցից յուրաքանչյուրի թեմատիկան ձևավորվել է` հաշվի առնելով Համագործակցության պետություններում և աշխարհի այլ տարածաշրջաններում ահաբեկչական սպառնալիքների տարածման վիճակը, դինամիկան և միտումները: 

Հայաստանի տարածքում վարժանքներն անցկացվում են երկրորդ անգամ, 2006 թ․-ին դրանց անցկացման վայրը եղել է Հայկական ԱԷԿ-ը («Ատոմ-Անտիտեռոր-2006»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել