«Ներքաղաքական զարգացումների թեժ աշունը բուռն ընթացքի մեջ է։ Քաղաքական դաշտում մեծ արագությամբ փոփոխվում է քաղաքական ուժերի դասավորությունը։ Թվում էր, թե Հայաստանում, որը խորհրդարանական հանրապետություն է, հիմնական քաղաքական քննարկումներն ու բանավեճերը պետք է ծավալվեին խորհրդարանում, սակայն քաղաքական օրակարգը հիմնականում ծավալվում է խորհրդարանի սահմաններից դուրս։

Խնդիրն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը մի կողմից զբաղված է բացառապես մի քանի անձերի «հաշիվները լուծելով», մյուս կողմից՝ քաղաքական առումով (ու ոչ միայն) շատ թույլ է, իսկ ահա ընդդիմության ներկայությունը չափազանց սահմանափակ է՝ փաստացի միայն մեկ ուժի տեսքով, քանի որ վերջին շրջանում խորհրդարանում ընդդիմության անվան տակ ներկայացված «Լուսավոր Հայաստանը» ամեն կերպ փորձում է աջակցել իշխանությունների դիրքորոշմանը, տեղավորվել «Նիկոլ Փաշինյանի գծի մեջ» և իր բարձրագոչ հռետորաբանությունն ամբողջովին ուղղել է ընդդիմադիր բևեռի դեմ։

Թեպետ, եթե մի քիչ հետ գնանք, դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ փաստացի գրեթե այդպես էր, ուղղակի ավելի քողարկված:

Արդյունքում, քանի որ հանրությանը հուզող հարցերի քննարկումը և բարձրաձայնումը Ազգային ժողովում դառնում է խիստ սահմանափակ, ապա դրանք տեղափոխվում են Ազգային ժողովի պատերից դուրս։ 

Պատմությունը ցույց է տալիս, որ բանավեճերի, քննարկումների հարթակը քաղաքական մարմնից՝ խորհրդարանից դուրս ծավալելու դեպքում, հետագա իրադարձություններն էլ այդտեղ են ծավալվում, այսինքն՝ փողոցում:

Իսկ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Այս հարցին պատասխան տալու համար պետք է անդրադառնալ անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքին։

2018 թ. մայիսին վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ընդգծում էր, թե այն ժամանակվա խորհրդարանը չի արտահայտում հանրության ներսում առկա տրամադրությունները (դրան գումարած՝ ներդրումներ չեն գալիս), ուստի անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, և միևնույն ժամանակ հավաստիացնում էր, թե մյուս քաղաքական ուժերը ևս ժամանակ պետք է ունենան ընտրություններին պատրաստվելու համար։

2018 թվականի աշնանը, երբ Փաշինյանը հասկացավ, որ իր վարկանիշը հասել է իր պիկին, որից հետո վարկանիշի անկումն անխուսափելի է լինելու, որոշեց հապշտապ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերին։

Չնայած այն քննադատություններին, թե հապճեպ ընտրությունների անցկացումը չի բխում երկրի շահերից, և անհավասար պայմաններ են ստեղծվում մյուս ուժերի համար, Փաշինյանը մնաց անդրդվելի։ 

Էյֆորիայի ֆոնին տեղի ունեցած ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը կարողացավ հավաքել ձայների ճնշող մեծամասնությունը, իսկ մի շարք այլ քաղաքական ուժեր այդպես էլ ժամանակ չունեցան ընտրություններին պատշաճ պատրաստվելու համար։

Եվ չնայած ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 48 տոկոս, սակայն դրանց արդյունքում ձևավորվեց մի խորհրդարան, իսկ ավելի ստույգ՝ խորհրդարանական մեծամասնություն, որն արտահայտում էր հասարակության միայն էյֆորիկ տրամադրությունները։

Եվ այդ է պատճառը, որ ընտրությունների անցկացումից հետո տարբեր փորձագետներ կասկածի տակ էին առնում ընդդիմության առկայությունը խորհրդարանում։ 

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ներկայիս Ազգային ժողովը իր որակական հատկանիշներով զիջում է նախորդ խորհրդարաններին, քանի որ պրոֆեսիոնալների ու փորձառուների թիվը շատ քիչ է։ 

Քիչ է նաև քաղաքականության հետ աղերսներ ունեցողների թիվը: 

Բազմաթիվ պատգամավորների անուններ մեկուկես տարի անց էլ անհայտ են մնում հանրության համար։

Քաղաքացիները հիմնականում ձայն տվեցին ոչ թե «Իմ քայլը» դաշինքին և նրանց առաջարկած ծրագրին, այլ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում հանրության համար բազմաթիվ անհայտ դեմքեր, որոնց միակ արժանիքը հեղափոխությանը մասնակցելը կամ քայլելն էր, դարձան պատգամավորներ։

Ուստի տրամաբանական է, որ ներկա փուլում, երբ էյֆորիկ շրջանն արդեն անցյալում է, ներկայիս խորհրդարանի «ռասկլադը» փաստացի չի արտահայտում հանրության շրջանում առկա տրամադրությունները, ինչից օգտվում են արտախորհրդարանական ուժերն ու քաղաքական դաշտում փորձում իրենց տեղն ամրապնդել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել