Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Նուրսուլթանում և մասնակցում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովին:

Ահա հատված իր ելույթից. «Մեզ համար գերակա նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության անհերքելի իրավունքի նկատմամբ հարգանքը»:

Հերթական անգամ, չեմ հասկանում, թե ինչու, Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարը միջազգային հարթակներում իր ելույթներում խուսափում է հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Նախորդ անգամ անձամբ եմ լսել Մոսկվայում պառլամենտարիզմին նվիրված միջազգային համաժողովին բառացի հետևյալը. «Խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ ազատ ապրելու անվիճելի իրավունքի հարգման վրա»:

Արարատ ջան, Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ չկա «ժողովրդի անվտանգ եւ ազատ գոյության» և ոչ մի իրավունք: Ավելին` այդպիսի իրավունք հիշատակված չէ նաև Հելսինկյան եզրափակիչ ակտում:

Բացատրիր ինձ և հայ ժողովրդին, թե ինչո՞ւ ես համառորեն խուսափում միջազգային խորհրդարանական հարթակներում հիշատակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի՞նչն է պատճառը: Կարգավորման նոր սկզբունքնե՞ր եք մշակում: Վախենու՞մ եք: Ինքնե՞րդ չեք ճանաչում այդ իրավունքը: Նիկո՞լը չի թողնում:

Ճանաչելով քեզ՝ շահարկման դաշտ չեմ ուզում մտնել, բայց բարի եղիր այդ դեպքում ինքդ պարզաբանել այս շատ տարօրինակ, տհաճ և «ոչ ինքնիշխան» իրողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել