168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով հնարավոր հանդիպմանը: Վ. Կարապետյանը նշել է, որ վաղ է այդ մասին խոսելը:

«Գիտեք, սովորաբար նման հանդիպումները պատրաստվում են. ոտքի վրա հանդիպման արդյունավետությունն ինձ համար այդքան էլ հասկանալի չէ:  Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել բարձր մակարդակի հանդիպման, կարծում եմ, թերևս, վաղաժամ է:

Միևնույն ժամանակ՝ շատ կարևորում եմ Արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը, որը որոշակի դադարից հետո հնարավորություն կտա ճշգրտելու մեր մոտեցումները,  սպասելիքները:  Ադրբեջանի մոտեցումների թարմացում փորձենք լսել՝ արդյոք կա՞ որոշակի փոփոխություն պաշտոնական Բաքվի դիրքորոշումներում, և հույս ունեմ, որ այն կարող է նպաստել առաջնորդների հանդիպմանը, բայց այս մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մի քանի անգամ «ոտքի վրա» հանդիպումներ են ունեցել, որոնցից մեկի ժամանակ՝ վերելակում, ոտքի վրա ձեռք է բերվել ուղիղ կապի վերաբերյալ պայմանավորվածությունը: Ի դեպ, իշխանություններն այդ հանդիպումը, ինչպես նաև՝ մյուս հանդիպումները, գնահատել են «արդյունավետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել