Pastinfo.am-ը գրում է.

«Վանեցյանի հայտարարությունները բացասական եմ գնահատում և համարում եմ, որ մարդը, սպան, որն իր տեքստն ավարտում է պատիվ ունեմ արտահայտությունով, պետք է գիտակցի, որ պետության ներսում, պետության ղեկավարի հետ ունենալով երկարատև լավ հարաբերություններ, շփում, ինքն իրեն պետք է թույլ չտա նման ոճով աշխատել կամ արձագանքել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին ասել էր, թե «Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա»,- ինչին արձագանքելով Արթուր Վանեցյանը նշել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»։

Սիմոնյանը նշեց, որ հնարավորություն չի ունեցել իր կարծիքը հայտնել Վանեցյանին. «Իր պաշտոնի նշանակվելուց հետո, մենք հազվադեպ ենք շփվել, ամենալավ առիթները ֆուտբոլային խաղերն են եղել, որովհետև գործկոմի անդամ եմ հանդիսանում»։

Խոսելով հեղաշրջման կամ դավադրությունների մեջ Վանեցյանի հնարավոր մասնակցության մասին՝ ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ Հայաստանում չի կարող ո՛չ դավադրություն լինել, ո՛չ հեղաշրջում. «ՀՀ-ում հեղաշրջում կամ դավադրություն կազմակերպելու մասին լուրերը խելագարության կանխավարկածից բխող են, քանի որ ՀՀ-ում ժողովրդավարության ամենաբարձր աստիճանն է, որ երբևիցե եղել է։ Դա աբսուրդ է։ Նույն հաջողությամբ կարելի է քարով տանկին խփել, դրանք նույն տրամաբանության մեջ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել