Panorama.am-ը գրում է․

Ծնելիության խրախուսման  նոր ծրագրերը, որոնց մասին երեկ հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն առնվազն չմտածված է համարում։

Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց՝  չկան հետազոտություններ այն մասին, թե ինչն է խանգարում ընտանիքներին ունենալ առաջին, երկրորդ կամ երրորդ երեխա, ի վերջո ֆինանսական նման աջակցության արդյունքում կառավարությունը չի նշում, թե որն է լինելու ակնկալվող արդյունքը։

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է խրախուսել ծնելիությունը՝ 6 անգամ բարձրացնելով առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ և 2 անգամ բարձրացնելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ։

«Առաջարկվող լուծումներից հետո մի շարք հարցեր են առաջանում՝ առկա՞ է արդյոք հետազոտություն, թե զույգերի քանի տոկոսն է առաջին երեխայի պլանավորումը հետաձգում մինիմալ կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով և ի՞նչ արդյունք է ապահովվելու  50-ը 300 հազար դարձնելու պարագայում:

Իհարկե, գովելի է, որ փորձ է արվում լուծում գտնել ծնելիության անկման խնդրին: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2018-ին ծնվել է 36502 երեխա, 2017-ին՝ 37700, 2016-ին՝ 40592, իսկ 2015-ին՝ 41763:

Ունենք շարունակական անկման միտում, ինչը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ են մտածված, հետազոտված և երկարաժամկետ ռազմավարական գործողություններ»,-ասում է Բաբկեն Պիպոյանը։

Նա հաշվել է, որ Հայաստանում վերջին տարվա ընթացքում ծնվել է մոտ 15000 առաջին երեխա, այս քայլով ուղղակի բյուջեից ծախսվելու է 15000*250000=3750000000 դրամ ավել գումար:
Տարեկան ծնվում է ավելի քան 13000 երկրորդ երեխա, այսինքն՝ պլանավորվում է հատկացնել ևս 13000*150000=195000000 դրամ ավել գումար:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը պետք է խրախուսի ծնելիությունը՝ ծրագրի միայն 2 կետերի իրականացման համար անհրաժեշտ կլինի տարեկան 6 մլրդ դրամից ավելի գումար: Իհարկե, խրախուսելը լավ է, բայց սա այնպիսի ծավալի ծախս է,  որն իրականացնելիս պետք է ունենալ ազդեցության գնահատման արդյունավետության ցուցիչներ: Որտե՞ղ է մեր հիմնական խնդիրը, ի՞նչ խնդիր ենք լուծում, ի՞նչ աճ ենք ակնկալում և այլն»,-նշում է նա ՝ ավելացնելով, որ 6 մլրդ դրամն այն գումարն է, որով կարելի է ռեալ, սոցիալական, արդյունավետ ծրագրեր իրականացնել՝ սկսած բնակարանաշինությունից։

ՀԿ նախագահը չի բացառում, որ հետազոտություններ  իրականացվել են, բայց դրանք չեն երևում ու այս ծրագրերի հիմքում էլ դրված չեն։ Պետությունը, ըստ նրա, պետք է բացատրի, որ օրինակ հաջորդ տարի նախատեսվում է ծնելիության այսքան անկում, այս ծրագրի շնորհիվ կանխվում է անկումը, նաև աճ է ապահովվում։

«Պետությունը պետք է կանխատեսումներ անի, որպեսզի կարողանա իր ծախսի արդյունավետությունը գնահատի։ Եթե չկան ցուցիչներ, հետևաբար այն գնահատել չի լինի։ Ծրագիրն ունի մոտ 28 հազար շահառու։ Շահառուներին ու  նրանց բարեկամներին այդ ծրագիրը դուր կգա։ Բայց որպես պետություն պետք է արդյունավետ ծախս անել։ Իսկ արդյունավետությունը միայն կարճաժամկետ ուրախությունը չի։ Հրավառությունն էլ, որ անում ենք, ուրախանում ենք, բայց ամեն օր հո համերգ չե՞նք կազմակերպում։ Ի վերջո, 300 հազար դրամը լավացնելու է երեխայի օրորոցի որակն ու պապայի արած մաղարիչի սեղանը»,-կարծում է Պիպոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել