Ասե՞մ, թե՞ չասեմ շարքից

Կառավարությունը որոշել է խրախուսել ծնելիությունը՝ 6 անգամ բարձրացնելով առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ և 2 անգամ բարձրացնելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից դարձնելով 300 հազար դրամ։

Իհարկե, գովելի է, որ փորձ է արվում լուծում գտնել ծնելիության անկման խնդրին: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում 2018-ին ծնվել է 36502 երեխա, 2017-ին՝ 37700, 2016-ին՝ 40592, իսկ 2015-ին՝ 41763:
Ունենք շարունակական անկման միտում, ինչը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ են մտածված, հետազոտված և երկարաժամկետ ռազմավարական գործողություններ:

Առաջարկվող լուծումներից հետո մի շարք հարցեր են առաջանում․ առկա՞ է արդյոք հետազոտություն, թե զույգերի քանի տոկոսն է առաջին երեխայի պլանավորումը հետաձգում մինիմալ կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով, և ի՞նչ արդյունք է ապահովվելու (ինչ տոկոսի փոփոխություններ են ակնկալվում) 50-300 հազար դարձնելու պարագայում:

Հայաստանում վերջին տարվա ընթացքում ծնվել է մոտ 15000 առաջին երեխա, այս քայլով ուղղակի բյուջեից ծախսվելու է 15000*250000=3750000000 դրամ ավել գումար:

Տարեկան ծնվում է ավելի քան 13000 երկրորդ երեխա, այսինքն պլանավորվում է հատկացնել ևս 13000*150000=195000000դրամ ավել գումար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը պետք է խրախուսի ծնելիությունը, ծրագրի միայն 2 կետերի իրականացման համար անհրաժեշտ կլինի տարեկան 6 մլրդ դրամից ավելի գումար:

Իհարկե, խրախուսելը լավ է, բայց սա այնպիսի ծավալի ծախս է, որն իրականացնելիս պետք է ունենալ ազդեցության գնահատման արդյունավետության ցուցիչներ:

Որտե՞ղ է մեր հիմնական խնդիրը, ի՞նչ խնդիր ենք լուծում, ի՞նչ աճ ենք ակնկալում և այլն:

Հ.Գ. 6 մլրդ-ն այն գումարն է, որով կարելի է ռեալ, սոցիալական, արդյունավետ ծրագրեր իրականացնել՝ սկսած բնակարանաշինությունից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել