168.am-ը գրում է․

Երեկ Լոս Անջելեսում տեղի ու հայաստանյան լրատվամիջոցների համար տված մամլո ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին իշխանություններին, հատկապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա գործունեությանը, ասել էր.

«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել է նախկինների գործունեությունը՝ մասնավորապես 2018 թվականին։ Ամեն օր էլ մեկնաբանում է։ Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վերադարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն»,-հայտարարել էր նա՝ ըստ էության լուրջ մեղադրանքներ հնչեցնելով։

168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանին խնդրեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը։

«Ի՞նչը մեկնաբանել: Ցանկացած խոսք, լինի դա նախկին նախագահների մասին, թե՛ հայոց եկեղեցու հոգևորականներին ծնկի բերելու, թե՛ սպայի պատվի մասին սեփական և միայն իրեն հայտնի պատկերացումների, արդեն իսկ վկայում է այդ մտքերն արտահայտողի հոգեվիճակի մասին: Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ինչպես մինչև այդ պաշտոնը զբաղեցնելը, այնպես էլ պաշտոնավարման ողջ ընթացքում նույն տոնայնությամբ այնքան իրարամերժ, հակասական հայտարարություններ է արել, որոնք հետո փորձել է բացատրել, թե մի դեպքում իր անձնական կարծիքն է եղել, այլ դեպքում` իր` որպես պաշտոնյայի, որ անիմաստ է դրանց անդրադառնալը: Այսքան կարճ ժամանակահատվածում Ամուլսարի, քառօրյա պատերազմը Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ համաձայնեցված լինելու, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի` Հայաստանի շահերին հակասելու, ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը «ջուր լինելու» մասին, ԱՄՆ-ի վրա հրապարակավ մուննաթ գալու ու աջակցությունից դժգոհելու և բազմաթիվ այլ թեմաներով հախուռն, չհիմնավորված, իրարամերժ հայտարարություններն ու հետո դրանցից հրաժարվելը ձեզ օրինակ: Այդ հոգեվիճակը` իրեն շատ ավելի լավ ճանաչող երբեմնի թիմակիցը և արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյան այս օրերին միանգամայն դիպուկ և իրական նկարագրում է: Համբերություն բոլորիս»,-մեզ հետ զրույցում ասաց Մերի Հարությունյանը:

Զվարթ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել