Հո՛պ, Mikayel ջան, չեղավ: Դիագնոզն իրոք շատ կարևոր է, ըստ էության, ամենակարևոր փուլն է: Սաղ ճիշտ ես ասում՝ չար է, լի է ատելությամբ, նախանձ է ու չկայացած, ընդ որում, այո՛, հենց մանկուց (երբեմն նույնիսկ մեղքս գալիս է․ ով գիտի, մենք ոնց կլինեինք, եթե մեզ հետ նույնը տեղի ունենար): Բայց նա չէ «քաղցկեղի» օջախը: Սա ասում եմ միանշանակ: Ոչ մի դեպքում չի կարելի մեզ թույլ տալ մտածել, որ նա է օջախը: Նա հետևանքն է:

Դու շատ իրավացիորեն ես նշել, որ նա մեր վախերի ու ատելության ծնունդն է, ընդ որում՝ չգիտեմ՝ դու ոնց, բայց ես բավականին գործուն դեր եմ խաղացել այդ ծննդաբերության պրոցեսում:

Դժվարանում եմ ասել՝ երբ սկսվեց քայքայման պրոցեսը՝ Գրիգոր Լուսավորչի ընտրած բավականին դաժան մեթոդների պատճառո՞վ, թե՞ Պապ թագավորի ապաշնորհ կառավարման օրոք, թե՞ Լևոն Լուսինյանի միջամտության պատճառով, թե՞ Մադրասյան խմբակի արատավոր գործունեությունից, թե՞ մեր պատմությունը կեղծող Լեոյի ու իր համախոհներից... Բայց օջախը, միանշանակ, այդ տեղերից ինչ-որ տեղ է, էս դժբախտ մանկան մեջ չէ: Ասեմ ավելին՝ ես, բազմիցս կրկնելով, որ նա մեր ժողովրդի հավաքական կերպարն է, նաև համարում եմ, որ նա Աստծո կողմից մեզ ուղարկված հնարավորություն է, գուցե վերջին հնարավորությունը: Եվ շատ կարևոր է այս անգամ չկրկնել Լուսավորչի, Պապի, Լուսինյանների ու մնացածի սխալները: Շատ կարևոր է հիմա, առավել, քան երբևէ, դրսևորել առավելագույն խոհեմություն ու ողջախոհություն: Շատ կարևոր է չվիժեցնել այն պրոցեսը, որը տեղի է ունենում հիմա հասարակության մեջ: Այն շատ դանդաղ է ընթանում, բայց կա: Հասարակությունն ինքնաբուժվում է: Այս պրոցեսը չի կարելի վիժեցնել ժամանակից շուտ: Այս պահին չի կարելի ձեռք տալ «ուռուցքը», առավել ևս՝ «հեռացնել» այն:

Անշուշտ, շատ կարևոր է նպաստել տեղի ունեցող ինքնաբուժման պրոցեսին, արագացնել այն, ինչը մենք ընկերներով փորձում ենք անել արդեն մեկ տարուց ավելի: Ավելին՝ կարծում եմ՝ քո հնարավորությունների տեր մարդը կարող է էականորեն նպաստել պրոցեսի արագացմանը: Գիտեմ, որ որոշ բաներ անում ես, բայց կարծում եմ՝ կարելի է ավելացնել ամպլիտուդը։))

Արի համաձայնվի ինձ հետ. դու, որ հաստատ լավ գիտես` օրգանիզմը մինչև այս «ատելության առաքյալ» մանուկի ի հայտ գալն էլ կիսամեռ վիճակում էր` բոլոր կենսական օրգանների վրա համապատասխան մետաստազներով, ընդ որում՝ այդ քաղցկեղը հետևողականորեն սնվում էր օտար հողերից: Կարծում եմ՝ Վատիկանում եղած ժամանակ դա հավաստող փաստերը դժվար ուշադրությունիցդ վրիպեին:

Ու խնդրում եմ՝ մի մոռացիր՝ նա պարզապես դժբախտ երեխա է ու սրանով նույնպես մեր հավաքական կերպարն է:

Հ.Գ. Միքայել հրեշտակապետի վահանը դզեց))), շոյված եմ, բայց ես միշտ նախընտրել եմ Սուրբ Գևորգին։))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել