Արցախի՝ բանակցային սեղան վերադարձը հետևողականորեն մղվում է անհնարինի դաշտ, ինչու՞...

Երեկ Անկախության տոնի միջոցառման ժամանակ, ՀՀ վարչապետի ներկայությամբ, ավելին, նրա կողքին կանգնած, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին անվանում են «Հայաստանի Արցախի մարզպետ»։

Բացարձակ կարևոր չէ, թե ով է անվանում, բացարձակ կարևոր չէ, թե ինչու, կարևոր է, որ սա տեղի է ունենում առնվազն վարչապետի լուռ համաձայնությամբ։ Եվ սրա արմատները խորն են, նպատակը՝ ուզում եմ կարծել, որ անհայտ։ Սա նրա հայտնի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» կոչի հետագա զարգացումն է, սա նրա՝ Սասնա ծռերի հետ հանդիպման հետևանքն է, սա մեր հարևան «կիրթ մարդու» համար ամենաբաղձալի խաղաքարտն է։

Կրկնվեմ, Արցախի հիմնահարցի բանակցային հիմքում հայկական կողմը մշտապես պնդել է Արցախի ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այնինչ այսպիսի արտահայտությունները կարծես թե իսպառ հետ են մղում այս փաստը։

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմիջամտեց այս արտահայտությանը։

Արդյո՞ք այդ «մարզպետ» անվանելն ինքնաբուխ էր։

Ի՞նչ է պատասխանելու մեր Արտաքին գործերի նախարարը երկու օր հետո Նյու Յորքում։

Կասկած չունենաք, որ Ադրբեջանը սա անարձագանք չի թողնելու։ Դեռ շատ է զարգացնելու։ Նրանք «կիրթ» են, այսպիսի բաները չեն վրիպում իրենց ուշադրությունից։

Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ռազմավարական փոփոխություն է տեղի ունեցել Արցախի հարցում։

Ի վերջո, ո՞րն է հիմա Հայաստանի պաշտոնական ռազմավարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել