Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ այսօր ՀՀ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել անկախության համար զոհվածների հիշատակին։

«Եռաբլուր» են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, կառավարության այլ անդամներ ու պատգամավորներ:

Նրանք ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նշենք, որ այս տարի Անկախության օրվա հիմնական միջոցառումները տեղի են ունենալու Գյումրիում: Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվի Գյումրիում: 

Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:

Մարզկենտրոններում ու համայնքներում կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել