Pastinfo.am-ը գրում է․

Չեմ ծանոթացել և ասեմ, որ չեմ էլ ծանոթանալու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ծանոթացել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլ»-ի ներկայացրած նախագծին։

«Եթե չեմ սխալվում 96 էջ է։ Ինձ կբավարարի միայն ԱԺ-ում հարցուպատասխանը, երբ հիմնական զեկուցողը կներկայացնի այդ հաստափոր փաստաթուղթը, մենք կտանք հարցեր և կփորձենք հասկանալ այն իրավական հիմքերը, որով «Իմ քայլը»-ը գնում է իմպիչմենտի ճանապարհով»,-նշեց պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով Սահմանադրությունը ցանկացած խմբակցության թույլատրում է սկսել Սահմանադրական դատարանի դատավորի իմպիչմենտի գործընթաց, սակայն այդ գործընթացում պետք է ներկայացվեն իրավական, անբեկանելի հիմքեր։

«Թե որոնք կլինեն այդ հիմքերը, կարծում եմ, նիստի ժամանակ կծանոթանանք։ Որքանով տեղյակ եմ իրենք շատ են շտապում և այդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին կամ 2-ին։ Այդ ժամանակ կքննարկենք և կմշակենք մեր խմբակցության դիրքորոշումը»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ որևէ հատուկ վերաբերմունք չունեն ո՛չ Հրայր Թովմասյանի, ո՛չ Արևիկ Պետրոսյանի, ո՛չ Ֆելիքս Թոխյանի և ոչ էլ ՍԴ-ի որևէ այլ անդամի հանդեպ. «Մենք հատուկ, ընդգծված վերաբերմունք և հարգանք ունենք ՀՀ Սահմանադրության հանդեպ, ընդգծված վերաբերմունք ունենք, որպեսզի բոլոր գործընթացներն այսուհետ մեր երկրում տեղի ունենան բացառապես օրենքի և օրինականության շրջանում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել