Pastinfo.am-ը գրում է․

«Պնդում եմ,  որ  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված դատարանի թե այս, թե սեպտեմբերի 17-ին հրապարակած որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների տակ»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ դատարանի դահլիճում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք․ «Դա արդեն բացահայտ է արվում․ նախորդ դատական նիստից առաձ Ձեր նկատմամբ կատարված ճնշումները ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից, Դուք այստեղ գործում եք դատարանի տեսքով, ոչ բովանդակությամբ»,- նշեց պաշտպանը՝ հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկը․ «Վարչապետը հայտարարել էր, որ գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ։ Այդ հանգամանքը իր ելույթում հաստատել է նաեւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Մենք պատրաստվում ենք Ձեզ հայտնել ինքնաբացարկի միջնորդություն։ Ես դիմել եմ պրն Վարդազարյանին, որպեսզի նա ինձ տրամադրի դռների տակ վնգստցող դատավորների ցուցակը։ Ես հույս ունեմ, որ նա ինձ դա կտրամադրի։  Բայց մինչ դա ուզում եմ Ձեզնից ճշտել՝ Դուք անձամբ այդ  ցուցակում կա՞ք թե՞ ոչ»։

Ալումյանը, դիմելով դատարանին, ժամանակ խնդրեց ինքնաբացարկի միջնորդության պատրաստության համար․ «Այս գործով Դուք ի վիճակի չեք իրականացնելու արդարադատություն, քանի որ գտնվում եք այն թեւի ազղդեցության տակ, որը այսօր հետապնդում է իրականացնում պրն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,-դիմեց նա դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նշենք, որ ելույթի իրավունք խնդրեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն դատարանը նրան թույլ չտվեց խոսել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել