Դարյա Դմիտրևան լուսանկարչուհի է Սանկտ Պետերբուրգից, ով որոշեց ստեղծել ֆոտոշարք իր 80-ամյա պապի մասնակցությամբ։ Դարյայի պապը 80 տարեկանում պայքարում էր քաղցկեղի դեմ, ու այս միտքը Դարյային ոչ մի կերպ հանգիստ չէր տալիս։ 

Դարյան նշում է, որ մերօրյա այդ չարիքը՝ քաղցկեղը, անտարբեր չի անցնում ոչ մեկի կողքով։ Երբ նրանք իմացան, որ իրենց պապը տառապում է քաղցկեղով, սկզբում շոկ ապրեցին, սակայն հետո Դարյայի պապը նրանց ցույց տվեց, որ կարող է ուժեղ լինել ու պայքարել հիվանդության դեմ անգամ 80 տարեկան հասակում։ 

Դրանից ոգեշնչված՝ Դարյան ստեղծեց ֆոտոշարք, որն անվանեց՝ «Պապիկ ջան, պայքարի՛ր»։ Ֆոտոշարքն արագ տարածում ստացավ սոցիալական ցանցերում, ու ոմանք սկսեցին քննադատել Դարյային, որ նա չի ստեղծել հուզիչ որևէ ֆոտոշարք, այլ փորձել է հիվանդությունը ներկայացնել դրական լույսի ներքո։ 

Դարյան ինքը նշում է, որ վստահ է՝ հիվանդությունը դատավճիռ չէ։ Յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, կարող է պայքարել իր հիվանդության դեմ ու չպետք է նրան ողբերգական տեքստերով ու մտքերով ողողել։ 

Դարյան վստահ է, որ ֆոտոշարքը կօգնի քաղցկեղի դեմ պայքարել ոչ միայն իր պապին, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր առերեսվել են այս հիվանդությանն ու պայքարելու մոտիվացիա են փնտրում։ Նա հավատում է, որ, ի վերջո, իրենց բոլորի սիրելի, միշտ էներգիայով լեցուն պապը կհաղթահարի հիվանդությունն ու ցույց կտա, որ մարդու կամքն ու քաջությունն անսահման են, անգամ ամենաահավոր հիվանդություններից հետո։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել