Armsport.am-ը գրում է.

Նախորդ շաբաթ «Ուրարտուից» Օմանի առաջնություն՝ «Ալ Նասր» ակումբ տեղափոխված Վահագն Այվազյանը հրաժեշտի նամակ է ուղղել երևանյան ակումբին ու երկրպագուներին:

«Սիրելի՛ երկրպագուներ, եկավ այն պահը, երբ պետք է փոխեմ ակումբային գրանցումս. այս 7 տարիների ընթացքում ես հասցրեցի թիմի հետ նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները Հայաստանում:

Հպարտ եմ, որ եղել եմ այս հրաշալի թիմի մի մասնիկը, շնորհակալ եմ ակումբին կարիերայիս ամենահիշարժան պահերն ապրելու համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցին, ակումբի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանին և ակումբի ողջ անձնակազմին միշտ իմ կողքին լինելու և ինձ աջակցելու համար:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, ում հետ աշխատել եմ այս ողջ ընթացքում, նրանց շնորհիվ միշտ շարժվել եմ առաջ: Շնորհակալ եմ Իլշատ Ֆայզուլինին՝ իր ամբողջ թիմով, երախտապարտ եմ բոլոր թիմակիցներիս, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել և վստահ եմ որ մեծ հաղթանակները դեռ առջևում են:

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր բոլոր երկրպագուներին, ովքեր մեզ հետ էին և՛ հաղթանակների, և՛ պարտությունների ժամանակ:

Շնորհակալ եմ բոլոր բոլորին, հպարտ եմ որ եղել եմ «Բանանցի» ապա նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստ: Եվ վերջում՝ ի սրտե «Առա՛ջ Ուրարտու»», - գրված է ֆուտբոլիստի հրաժեշտի նամակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել