Tert.am-ը գրում է.

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մի ավանդական «լայվի» ժամանակ հայտարարեց, թե ձեռքի տակ ունի մի քանի տարվա վաղեմության մի գաղտնի զեկույց, ըստ որի՝ Հայաստանը ձախողված պետություն է։ Շատերը համաձայնեցին, ոմանք առարկեցին, ուրիշներն էլ կասկածեցին։ Եվ անցյալը հաճույքով փորփրող, փնովող կամ գովաբանող աղմուկի մեջ անլսելի մնաց հարցը, թե արդյո՞ք Հայաստանը առժամանակ անց կրկին չի հիշատակվելու ձախողված պետությունների թվում։ Այնինչ այդ հարցի պատասխանն իմանալը հաստատ առավել օգտակար կլինի, քան անպտուղ բանավեճը մի իրական կամ երևակայական զեկույցի առնչությամբ, որի առարկան վաղուց անցյալում է։

Արդեն մեկուկես տարի Հայաստանում նոր իրողություն է, բայց նույնիսկ օրթոդոքս իմքայլականը հազիվ թե պնդի, թե նոր Հայաստանը լուծել է անցյալի բոլոր խնդիրները, և այսօր հայ մարդու հիմնական հոգսը միջուկային ֆիզիկայի մի քանի կնճռոտ խնդիրների ուսումնասիրությունն է։ Ճիշտ հակառակը․ միջուկային ֆիզիկան Հայաստանը լքել է չափազանց անորոշ ժամանակով, փոխարենը միջին վիճակագրական քաղաքացին աչք չի բացում տնտեսական դժվարություններից ու քաղաքական անորոշությունից։

Հեղափոխական էյֆորիայի առաջին ալիքի հսկայական ակնկալիքներն սկզբում դանդաղ, իսկ հետո արագ տեմպով տեղը զիջեցին առտնին հոգսերին, որոնք առավել ծանր են թվում ոգեւորության թմբիրը թոթափելուց հետո։ Մարդկանց մի ստվար զանգված իրեն խաբված է զգում, մի մասն էլ գերադասում է առայժմ չխոստովանել, որ ակնկալիքն ու իրականությունը միմյանցից ոչ միայն շատ հեռու են, այլեւ շատ դեպքերում իրարամերժ։ Եւ հարցը ծագում է ինքնաբերաբար՝ ինչո՞ւ է Հայաստանը վատ վիճակում, ինչո՞ւ է բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ, ինչո՞ւ հոռի երեւույթների նվազում ու վերացում չկա, ինչո՞ւ եղած խնդիրներին օրավուր ավելանում են նորերը, եւ վերջն էլ չի երեւում։ Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ հիմա, երբ հեղափոխությունն արված է, հինը՝ իշխանությունից հեռացված, դուխով գլխարկների պակաս չկա, հայկական ժողովրդավարությունն էլ աշխարհի ամենաուժեղ ժողովրդավարությունն է, որը Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն չի արգելում քացով տալ կառավարության շենքի դռանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել