Եթե ամեն հին մերժում ենք, ապա Նոր Հայաստանում չպետք է լինեն ԱԺ պատգամավորներ, որոնք ժառանգվել են Հին Հայաստանից։

Ինչո՞ւ։

Որովհետև Հին Հայաստանում ԱԺ մտնելու համար պետք էր ստվերային գործարքների գնալ հին ռեժիմի հետ, ստանալ հին իշխանության համաձայնությունը և ունենալ ստվերային ֆինանսավորում։ Գաղտնիք չէ, որ ոչ միայն իշխող, այլև անցողիկ ընդդիմադիր պատգամավորների ցուցակները նախօրոք համաձայնեցվում էին Սերոժ ձյաձյայի հետ։ Դրանք էին Հին Հայաստանի խաղի կանոնները, ու նման դեպքերի մասին կան շատ հետաքրքիր պատմություններ։

Եթե ամեն հին մերժում ենք, ապա պետք է մերժենք նաև հին և կասկածելի, նախկինից ժառանգված պատգամավորներին։ Եթե հինը մերժում ենք, ապա ԱԺ պետք է մտնեն նախկին իշխանության հետ որևէ գործարքի մեջ չմտած մարդիկ։

Հիմա գամ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների քաղաքական պաշտոն դառնալու խնդրին։

«Պատկան» մարմիններն ասում են առաջին հայացքից «համոզիչ» միտք, թե բա՝ բնական չէ, որ իշխանության եկած ուժն այդ պաշտոններում պետք է նշանակի իր թիմի մարդկանց։

Ոչ, սիրելի պատկան մարմին, պետական հաստատությունների ողջ իմաստն այն է, որ նրանք պետք է ղեկավարվեն մասնագետների կողմից, և իշխանության եկած թիմը չպետք է դրանք օգտագործի իր թիմային շահերի համար, որպեսզի երկրում ամենաթողություն և անօրինականնություն չլինեն։ Դրա համար կան քաղաքական պաշտոններ, որոնք հաշվետու են խորհրդարանին, եթե ԱԺ-ին հաշվետու չեն, ուրեմն՝ քաղաքական թիմի անդամ չպետք է լինեն։ Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը նախարություն չեն դառնում, ուրեմն՝ վնասակար է այդ նախագիծը։

Ընդամենը հիշեցնեմ խեղճ Թրամփի օրինակը, որին կոնգրեսում երկար ժամանակ բռնաբարում էին միայն այն բանի համար, որ զանգել էր ԿՀՎ-ի (ՑՌՈՒ) տնօրենին։ Մեղադրանքն այն էր, թե Թրամփը նրա հետ ինչ ուներ առանձին խոսելու։

Հաջորդ «համոզիչ» փաստարկն այն է, թե բա՝ սպաները Հին Հայաստանից են ու այդ պատճառով չեն ցանկանում բռնել իրենց ընկերներին, պետք են Նոր Հայաստանի կադրեր, որ բռնեն։ Այսինքն՝ իրավապահ համակարգը, հետո նաև դատական ու մյուս մարմինները պետք ենթարկվեն Նոր Հայաստանի ցուցումներին, այլ ոչ թե օրենքներին։

Դա Հին Հայաստանի մոտեցում է, առաջ էլ էին կարծում, որ իրավապահ և դատական համակարգերը պետք է ենթարկվեն քաղաքական իշխանության ցուցումներին ու պատահական չի, որ դա ասում է Հին Հայաստանից ժառանգված պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել