Tert.am-ը գրում է.

Իշխանության ներսում խնդիրներ կան, իշխանության բուրգի հիմքը փլուզվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով անդրադարձավ  ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ու Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին և իշխանության ներսում կատարվող իրադարձություններին:

-Պարոն Մելիք-Շահնազարյան, արդյո՞ք սպասելի էր, որ իշխանափոխությունից հետո կառավարության ներսում հրաժարականներ կլինեն, հրաժարական կտան ուժային կառույցների ղեկավարները:

-Անցած 1.5 տարվա ընթացքում հեղափոխական քաղաքական ուժն, ըստ էության, անընդհատ գլորվում էր: Սկզբից տեսանք իրենց միացած այլ կուսակցությունների վարվելաձևով, երբ կառավարությունից դուրս եկան ՀՅԴ-ն ու Բարգավաճ Հայաստանը, հետո տեսանք ակտիվիստական շարժման մի հատվածի դժգոհությունն իշխանությունից, մասնավորապես՝ բնապահպանական թևը դուրս մնաց, հետո տեսանք, որ դուրս են գալիս խմբակցությունից, օրինակ՝ «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը:  Հիմա բանը հասել է ամենահիմնական ու խորքային, կարևոր տեղերին՝ իրավապահ մարմիններին ու ուժային կառույցներին: Պատճառները կարող են շատ լինել, կոնկրետ ուժային կառույցների դեպքում ակնհայտ է, որ կա արժեքային բնույթի կոնֆլիկտ երկրի քաղաքական իշխանության ու ուժային կառույցների միջև:

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Վանեցյանի հրաժարականի տեքստը բավական բովանդակալից էր և բացահայտում էր խնդրի էությունը: Քաղաքական իշխանությունը նրանցից պահանջում է բաներ, որոնք հակասության մեջ են սպայի արժանապատվության, առաջնային և երկրորդական կարևոր իրադարձությունների ընկալման տեսակետից: Կարծում եմ, որ մոտավորապես մի նման սցենար էլ զարգացել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պարագայում: Պատճառներից մեկն էլ, ասվում է, որ Ամուլսարում վարչապետի կողմից ուժ կիրառելու ցանկությունն էր, բայց կարծում եմ, որ վերջին կաթիլը եղավ կառավարությունում Փաշինյանի կողմից ահաբեկչության պարագլուխներին ընդունելը: Պարզ դարձավ, որ արժեքային և քաղաքական առաջնահերթություններում Փաշինյանը նայում է ոչ թե իրավական կողմին, ոչ թե դեպի օրինականություն և, առավել ևս, ոչ թե դեպի սպայի արժանապատվություն, այլ զուտ քաղաքական նպատակահարմարությանը՝  անձնական իշխանությունն ուժեղացնելու նպատակով: Այս ընտրության մեջ Փաշինյանը սխալվեց, ինչի հետևանքով մենք տեսնում ենք իշխանության կազմաքանդում, այն էլ՝ շատ արագ տեմպերով:

-Դուք հրաժարականների ու հրաժարվելու տարբեր օղակներ նշեցիք, սա իշխանության կազմաքանդո՞ւմ  եք որակում, երբ երկու ուժայիններ են հրաժարական տալիս:

-Սա իշխանության բուրգի փլուզում է, մենք տեսնում ենք, որ իշխանությունն այն տեսքով, որ տեսքով նա ստանձնեց անցած տարվա մայիսին, այլևս գոյություն չունի: Կարևոր դերակատարում ունեցող անձինք հեռանում են, հեռանում են՝ բացահայտ ցույց տալով  իրենց դժգոհության պատճառները: Այսինքն, այն, որ սպասելիքները չարդարացան, այսօրվա դրությամբ վերաբերում է ոչ միայն հանրությանը, այլ նաև մարդկանց, ովքեր եղել են Փաշինյանի կողմից ու նրա հետ միասին իշխանափոխություն են իրականացրել Հայաստանում:

-Իշխանության ներկայացուցիչների կամ համախոհների կողմից հնչում են կարծիքներ, թե այս ազատումները ենթադրում են, որ իշխանությունը որոշ ժամանակ անց ազատվում է նախորդ իշխանության կադրերից: Սա  որքանո՞վ է իրատեսական, հաշվի առնելով նաև այն, որ այս պահին գործող օրենքով ուժային կառույցների ղեկավարները կարող էին լինել միայն ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակից:

-Եթե խոսենք ուժայինների մասին, իհարկե, դա պարզունակ գնահատական է, որովհետև նույն և՛ Վանեցյանը, և՛ Օսիպյանը  տարիներ շարունակ ծառայել են իրավապահ համակարգերում, անկախ նրանից, թե ով է եղել քաղաքային իշխանությունը: Նրանք կադրային սպաներ են, ովքեր իրենց կարիերան կառուցել են զրոյից ու չեն եղել քաղաքական դեմքեր, բացի այդ, այդ կառույցներում պետք է ղեկավարեին համակարգի ծառայողները: Հիմա ես տեսնում եմ, որ քաղաքական իշխանությունը բոլոր ձախողումները փորձում է կապել, այսպես կոչված, նախկինների հետ, և այն մեկնաբանությունը, որ տրվեց վարչապետի մամուլի խոսնակի կողմից Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ, դա, իսկապես, խոսում է նրա մակերեսայնության, հիմքերին տեղյակ չլինելու, ամեն տեղ մեղավորներ փնտրելու և պատասխանատվությունից խուսափելու մասին, դա պարզունակ ձև է և կարող է աշխատել անցած տարվա հեղափոխական էյֆորիայի ժամանակներում, բայց, քանի որ 1.5 տարի է անցել , այդ ամենն արդեն պայմանավորված է այս իշխանության գործողություններով: Ներսում չեն կարող ռիսկեր գնահատել և դրանց լուծումները գտնել: Իրենք դեռ փորձում են մեղքերը բարդել նախկինների վրա,  բոլորին պիտակավորում են և այլն, բայց  փաստն այն է, որ պատճառները վաղուց այդ իշխանության ներսում են ու դա Փաշինյանի՝ մոլագարության հասնող վրիժառության միտումն է: Կան բաներ, որոնք վաղուց արդեն մոլագարի պահվածք են հիշեցնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել