Aysor.am-ը գրում է.

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվելու է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Հայրապետանիստը կառուցվել է մեկ դար առաջ` մեծանուն Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Այսօր Վեհարանը ներկայանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսներին հարիր վսեմությամբ` բարերարությամբ գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Դարեր շարունակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվել է օտարների իշխանության ներքո, ինչը, նաև խորհրդային շրջանում, գրեթե անհնարին է դարձրել համայն հայության հոգեւոր կենտրոնում վայելչատես ու ընդարձակ շինությունների կերտման գործը, որոնք արտահայտությունը պետք է լինեին հանուր հայության հոգևոր կենտրոնի համբավի, պատվի ու փառքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի աշխարհահռչակ բարձր հանգամանքի: Ամենայն Հայոց կաթողիկոսների համար աշխատանքային պայմանները թեեւ հաճախ նորոգվում էին, արտաքնապես շարունակում էին մնալ անշուք ու անհամապատասխան նրա հոգևոր իշխանությանը և հեղինակությանը։

Աստծո ողորմությամբ XX դարասկզբին անվանի հայ գրողներից Ալեքսանդր Շիրվանզադեն իր մի գրությամբ հայտնում է Մատթեոս Բ. Իզմիրլյան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը փափագում է «Վեհափառ Հայրապետի համար կառուցանել իր ծախքով մի վայելուչ կացարան»:

1910 թ. հունիսի 6-ին ձեռամբ Մատթեոս Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվում է Վեհարանի հիմնարկեքը: Մեծատաղանդ ճարտարապետ Պողոս Զոհրաբյանը գծում է մի սքանչելի շենք՝ երկհարկանի, մեծ ու լուսավոր: Ցավոք, ոչ Մատթեոս Բ. Կաթողիկոսին, ոչ էլ Ալեքսանդր Մանթաշյանին բախտ չի վիճակվում մուտք գործելու նորակառույց Վեհարան։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվում են 1914 թ.՝ այլևս Տ. Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ժամանակ:
Դժբախտաբար, Գևորգ Ե. Հայրապետը նույնպես հնարավորություն չի ունենում ամբողջապես ավարտելու Վեհարանի շինությունը և այնտեղ հաստատվելու, քանի որ սկսվում է Առաջին աշխարհամարտը, ամիսներ անց` Հայոց Ցեղասպանությունը, հետո ծանր երկունքով ծնվում է Հայաստանի Առաջին Հանրապետությունը...

Ինչպես դարերի խորքում, վերստին Մայր Աթոռն ամբողջապես ի սպաս է դրվում վիրավոր ժողովրդին և վերականգնյալ Հայրենի պետությանը: Այդ անասելի տարիներին նորակառույց Վեհարանը ծառայում է որպես զինվորական հիվանդանոց, գաղթականների ու որբերի ապաստարան: Առաջին Հանրապետության տարիներին Վեհարանը վերածվում է զորանոցի, որտեղ տեղակայվում է զինվորական հրամանատարությունը: Իսկ 1920 թ., երբ Հայաստանում հաստատվում են խորհրդային կարգեր՝ բռնագրավվում է նաև Վեհարանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել