Tert.am-ը գրում է.

Tert.am-ը հրապարակում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածաշարի երկրորդ մասը, որում հեղինակն անդրադառնում է արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ, ըստ նրա, անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։ Հոդվածաշարի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կցանկանայի առանձին անդրադառնալ  արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։

2000-ական թվականների սկզբում հիմնականում Ռուսաստանի օգտին կայացված ընտրության պայմաններում հաջողվեց Արևմուտքի հետ հարաբերություններում ճիշտ հավասարակշռում գտնել։ Դրա համար անհրաժեշտ էր առանց հուզականության, ռացիոնալ և ի նպաստ սեփական ազգային անվտանգության, հաշվի առնել տարածաշրջանում բոլոր դերակատարների շահերը և կառուցել սեփական անվտանգությունը` ներքին ու արտաքին։ Եվրոպական կառույցներն ու Միացյալ Նահանգները փաստացի 2001-ից եղել են ներքին բարեփոխումների գործընկեր, և ընդհանուր բալանսի քաղաքականության մեջ Մոսկվան սա ընդունել է իբրեւ փաստ։

Հավասարակշռության ու փոխվստահելի հարաբերությունների միջավայրում մենք հաջողեցինք մի շարք ուղղություններով.

  • Կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը՝ միաժամանակ պահպանելով կառուցողական հարաբերություններ ինչպես մեր էներգետիկ գործընկեր Ռուսաստանի, այնպես էլ՝ Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող ԱՄՆ-ի հետ։

  • Հնարավոր եղավ զսպել Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքային որոշ ծրագրերի իրականացումը. oրինակ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան)։

  • Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ լիիրավ անդամ, միաժամանակ հարաբերությունների հարուստ օրակարգ ձևավորեց ՆԱՏՕ-ի հետ` զարգացնելով հայկական խաղաղապահ առաքելությունների կարողությունները։ Հենց այդ տարիներին ԱՄՆ կառավարությունը Երևանում կառուցեց տարածաշրջանում իր երկրի ամենախոշոր դեսպանատան համալիրը։

  • Կարողացանք ակտիվորեն համագործակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, Հայաստան բերել այնպիսի հիմնադրամներ, ինչպիսիք են Լինսին, Հազարամյակների մարտահրավերները և այլն։ Ի տարբերություն մյուս արտաքին ձեռքբերումների՝  դրանց շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա ուղղակի էր։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վստահելի հարաբերությունների հիման վրա այդ հավասարակշռությունը թույլ էր տալիս զսպել մեր հարևանների ագրեսիան, շփման գծում երաշխավորել խաղաղություն և հանգստություն, սահմանափակել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ և այլն։ 

Նրանց համար, ովքեր չեն հիշում կամ չգիտեն, ասեմ, որ 2000-ականների սկզբներին ղարաբաղյան բանակցություններում հիմնական առաջամարտիկի  դերը ստանձնել էր Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Ժակ Շիրակի։ Նա կարողացավ այնպես կազմակերպել գործընթացը, որ բանակցային գործընթացը չառաջացրեց խանդ ոչ միայն մյուս համանախագահների մոտ, այլև՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Իրանի։ Իսկ այսօրվա խաղաղասիրական նախաձեռնությունների հեղինակներին հիշեցնեմ, որ հենց այդ փուլում էին ամենաակտիվ շփումները և այցերը Հայաստանի և Ադրբեջանի տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև։

Հաջողության բանաձևը պարզ էր և հստակ. հիմնական գործընկերները վստահում են միմյանց և մեկը մյուսի համար հատուկ խնդիրներ չեն ստեղծում։ Առկա էր հարաբերությունների այնպիսի համակարգ, երբ օբյեկտիվ գործոնները բավականին արդյունավետորեն փոխլրացվում էին սուբյեկտիվ գործոններով։

Իրերի այսպիսի դրությունը արդեն այսօր կարելի է բացատրել նաև այն բանով, որ միևնույն պատմական ժամանակահատվածում, գրեթե համաժամանակյա, մեր երկրներում սկսեցին ձևավորվել նոր վերնախավեր, մարդկանց նոր թիմեր, որոնց կոչումն էր՝ իրականացնել ոչ միայն իրենց պետությունների զարգացման և ամրացման առաքելությունը, այլ՝ որակապես նոր ու փոխադարձ օգտակար միջպետական հարաբերությունների կառուցումը։ Վերնախավեր, որոնք բաց էին աշխարհի հետ երկխոսության և գործողությունների համար։ Եվ այս կոորդինատային համակարգում շատ կարևոր է, որ հարաբերությունների որոշակի «քիմիա» լինի ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև նրանց թիմերի միջև։ Առանց դրա կարող են լինել միայն օգտակար և գործընկերային, բայց ոչ երբեք՝ փոխվստահություն պարունակող հարաբերություններ։ Դրանք հաղորդակցության տարբեր ուղիներ և մակարդակներ են՝ տեղեկատվության փոխանակում, ակտուալ հարցերի և նախագծերի քննարկում, դիրքորոշումների ճշգրտում, ինտենսիվ փոխադարձ այցեր։ Այս ամենը ձևավորում է անտեսանելի, բայց շատ կարևոր մթնոլորտ՝ փոխըմբռնման ու փոխվստահության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել