Tert.am-ը գրում է.

«Երբ մի դուռը փակվում է, բացվում է մեկ ուրիշը: Սակայն մենք հաճախ այնքան երկար ենք նայում փակված դռանը, որ չենք նկատում բացվածը»
                                                                                                                                    Հելեն Քելլեր

Նիկոլ Փաշինյանը ճամփեք փակելով իշխանության եկավ, ու իր կառավարման այս համեմատաբար կարճ ժամանակում հասցրեց մեր ազգի ու պետության առաջ փակել բոլոր դռները։ Աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում, բարդ տարածաշրջանում, չավարտված պատերազմի պարագայում, երկա՞ր ենք պատրաստվում հանդուրժել այս փակուղային իրավիճակը, սպասելու այդքան ռեսուրս մեր երկիրն ունի՞։

Թեպետ որքան էլ ուզում ենք չֆիքսվել Փաշինյանի վրա, քանի որ երկրում հազար ու մի պրոբլեմ կա ու հազար ու մի պատասխանատու, չի ստացվում, քանի որ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր չեղավ իշխանությունը դարձնել ինստիտուցիոնալ, որ ամեն մեկն իր գործն անի` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում, անկախ վարչապետի կամքից ու տրամադրությունից։ Բայց այսօր իշխանությունը մարմնավորում է մեկ անձ, որն էլ ազդարարել է, թե այդ իշխանության հզորությունը կախված է ժողովրդի վստահությունից։ Ու երբ ժողովրդի վստահությունը պակասում է կամ տատանվում, արդյունքում իշխանությունն ընկնում է ցնցումների մեջ, դառնում անկայուն ու վախվորած։ Գործադիրը մերն է, օրենսդիրը մերն է, դատականը մերը չէ, բայց ուզում ենք, որ մերը լինի, մեդիաոլորտի զգալի մասը մերը չէ, դրա համար ուզում ենք փակել անհնազանդներին, սա ի՞նչ իշխանություն է, երբ ամեն անգամ նման վիճակով արդարացվում է երկրի այս կամ այն ձախողումը։ Որքան էլ ուզենաս դա չանել, ինչպես ընդունված է ասել՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք, բայց ինչպե՞ս չթիրախավորենք վարչապետին, երբ ինքն է իրեն դարձրել միակ թիրախը, երբ մայրաքաղաքի աղբահանության պրոբլեմը նա իր վրա է վերցնում, ապաշնորհ քաղաքապետին թիկունք կանգնում, նրա սխալները կոծկում, հիմա էլ ամեն օր ուրախ լուր հայտնում, թե քանի նոր աղբամաններ են բերվել Երևան։ Ինչպե՞ս չֆիքսվել վարչապետի վրա, երբ Ամուլսարի հետ կապված հայտարարում է, որ ոչ մի իրավական հիմք չկա հանքը շահագործելն արգելելու համար ու հորդորում, որ բացեն ճանապարհը։ Իրավական հիմք երեկ էլ չկար, երբ փակվում էր հանքը, այն ամբողջությամբ քաղաքական տիրույթում է։ Իսկ եթե հարցն ուզում ես իրավական տիրույթ տեղափոխել, ուրեմն ճանապարհը բացելու հորդորը պետք է անի տեղի ոստիկանապետը, թե՝ հարգելի ժողովուրդ, դուք խախտում եք օրենքը, իրավական հիմք չկա ձեր գործողություններում։ Անգամ ՀՀ ոստիկանապետի հորդորը շատ ճոխ պետք է լիներ հասարակական կարգը վերականգնելուն միտված քայլերի դեպքում։ Ինչպե՞ս չֆիքսվել վարչապետի վրա, երբ իր թիմի պատգամավորը դեմ է լինում Ամուլսարի հանքի շահագործմանը, նրան պարտադրվում է մանդատը վայր դնել ու անգամ չասել, թե ինչի համար է դա անում։ Այն դեպքում, երբ պատգամավորն առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով, սա սահմանադրական նորմ է, ու ինքն է ընտրել վարչապետին՝ համաձայն խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանության։ Բայց մեզանում հակառակն է՝ վարչապետն է շնորհել պատգամավորական մանդատներն իր թիմակիցներին ու հորդորել՝ վայելել կյանքը, աշխարհը պտտվել պետական փողերով, ավելի ճիշտ մեր՝ հարկատուներիս, բայց երբ պետք է՝ հլուհնազանդ ծառայել իրեն, այլապես կկորցնեն մանդատը, դրանից բխող բոլոր արտոնություններով։ Ինչպե՞ս չֆիքսվել վարչապետի վրա, երբ երկրում ամենաաննշան, իր կարծիքով, դրական տեղաշարժի համար Փաշինյանն անձամբ է տեղեկացնում հանրությանը, որպեսզի այդ ձեռքբերումն իրեն վերագրվի։ Բայց եթե այդ աննշան ձեռքբերումն իրեն վերագրենք, ապա, բնականաբար, ամենաաննշան թերությունից մինչև ամենախոշոր ձախողումը նույնպես իրեն ենք վերագրելու։ 

Փաստորեն, մեզանում հերոսն էլ հակահերոսն էլ մեկ մարդ է, ու եթե այդ մարդը ի վիճակի չլինի իր պարտականությունները կատարել, անկախ պատճառից, պատկերացնո՞ւմ եք երկրում ինչ կկատարվի։ Իր թիմը չի կարող իշխանությունը պահել, քանզի հանրային վստահություն եթե մի քիչ մնացել է, ապա միայն Փաշինյանինն է, ով հորդորում է ճանապարհները փակել կամ բացել, իսկ եթե ինքն ունակ չէ հորդորելու, կամ նրան այլևս չեն լսում, ու միաժամանակ երկրի ճանապարհները անկառավարելի պրոցեսների արդյունքում փակվեն, ո՞վ է բացելու կոչով դիմելու, որ լսելի լինի հանրության կողմից։ Վտանգն այն է, որ ինքը չի կարողանում կառավարել, իսկ իր բացակայության դեպքում երկիրը կդառնա անկառավարելի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել