168.am-ը գրում է․

Վանաձորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ․ ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247.8 մլրդ դրամի դիմաց:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս անցյալ տարի ներկայացված և հաստատված բյուջեի նախագծից արդեն իսկ պարզ էր, որ ՀՀ ռազմական բյուջեն 25-26 տոկոսով աճում է, ինչը խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական բյուջեների միջև առկա տարբերության կրճատման մասին:

«Միջոցների մի մասը, հավանաբար, նախատեսված է ռազմական գնումներին ուղղելու նպատակով: Ներկայիս փոխարժեքով այդ գումարը համարժեք է 655 մլն ԱՄՆ դոլարի: Ադրբեջանը նույն տարվա համար Պաշտպանության նախարարությանը հատկացրել է շուրջ 870 մլն դոլար, իսկ ռազմական գնումների և «այլ ծախսերի» համար՝ ևս շուրջ 800 մլն դոլար: Սակայն հաշվի առնելով ձեռք բերվող զինտեխնիկայի համար վճարվող գների տարբերությունը (ՀՀ-ն հիմնականում գնում է ՌԴ-ից՝ ներքին գներով)՝ իրականում ձեռք բերվող սպառազինության ծավալն ուղիղ համեմատական չէ ռազմական բյուջեով նախատեսված միջոցների հարաբերակցությանը: Ըստ այդմ՝ միայն թվերի հիման վրա հնարավոր չէ համեմատություն կատարել: Ակնհայտ է, որ ռազմական բյուջեների միջև առկա տարբերությունն այս աճի շնորհիվ կրճատվել է»,- մանրամասնեց նա:

Այս համատեքստում փորձագետը հիշեցրեց ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության մասին.

«Դատելով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հայտարարությունից՝ նշված 10 մլն դոլարը կփոխանցվի Կասպից ծովում Ադրբեջանի ծովային անվտանգության ապահովման նպատակով: Նշված է, որ Ադրբեջանին այս ծրագրի շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարի և հետախուզական սարքավորումները կտրամադրի ամերիկյան VSE կորպորացիան, որին էլ գումարը փոխանցվում է:

Ըստ որում, աշխատանքների 88 տոկոսն ԱՄՆ-ում է իրականացվելու:

Նշված ընկերությունը հիմնականում զբաղվում է նավերի և այլ տեխնիկայի սպասարկման հարցերով: Ըստ նշված ընկերության նախկինում տրամադրած զեկույցի՝ այդ ընկերության աշխատակիցներից մեկը զբաղվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության նավերի սպասարկմամբ: Հաշվի առնելով այս ամենը՝ առնվազն կարող ենք եզրակացնել, որ նշված 10 մլն դոլարի օգնությունն ուղղվելու է Կասպից ծովում Ադրբեջանի նավատորմին, ամենայն հավանականությամբ՝ ոչ թե բանակի, այլ հենց սահմանապահ ծառայության: Սա իր հերթին՝ թույլ է տալիս ենթադրելու, որ տրամադրված օգնությամբ ձեռք բերվող սարքավորումների կիրառումը Հայաստանի և Արցախի դեմ հավանական չէ»,- ասաց Տ. Հովհաննիսյանը:

Մեզ հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետն անդրադարձավ նաև երեկ մեկնարկած Ադրբեջանի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2016 թվականից սկսած Ադրբեջանի բանակը տարեկան անցկացնում է 2-4 լայնամասշտաբ զորավարժություն (10 հազար և ավելի հայտարարվող անձնակազմի ներգրավմամբ):

Զորավարժությունների մի մասը, հայտարարվող սցենարի համաձայն՝ հակահարձակողական են, որոշ մասը՝ հարձակողական: Իսկ 2019թ. ընթացքում անցկացվել է նման 2 զորավարժություն՝ մարտին և մայիսին, որոնցից մեկը եղել է հարձակողական, մյուսը՝ հակահարձակողական սցենարով:

«Սեպտեմբերին մեկնարկածը նմանատիպ 3-րդ զորավարժությունն է, որը ևս սցենարով հակահարձակողական է: 2018 թ. ընթացքում ևս հայտարարվել է 3 խոշոր զորավարժության անցկացման մասին, սակայն ավելի մեծ անձնակազմի ներգրավմամբ՝ 20-30 հազար: Այս առումով որևէ նորություն չկա: 2018թ. ևս 3-րդ խոշոր զորավարժությունն անցկացվել է սեպտեմբերին: Այսինքն` այս զորավարժությունը ևս պլանային բնույթ է կրում: Բնականաբար, անհրաժեշտ է ուշադիր հետևել զորավարժության ընթացքին, սակայն խուճապի մատնվելու որևէ առիթ և անհրաժեշտություն առհասարակ չկա»,- ամփոփեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել