Միացյալ Նահանգներում անցկացվում է «Էմմի» 71-րդ մրցանակաբաշխության արարողությունը: «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը ստացել է Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նեվերլենդը» ֆիլմը:

Ռեժիսոր Դեն Ռիդի չորս ժամանոց ժապավենը հիմնված է Ջեյմս Սեյֆչակի և Ուեյդ Ռոբսոնի ցուցմունքների վրա այն մասին, որ նրանք մանկության տարիներին սեռական բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:

Փոփ արքայի ընտանիքն ու երկրպագուները վրդովված են սկանդալային ֆիլմին մրցանակ շնորհելու փաստից:

«Մայքլի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ որևէ ապացույց չկա, ժապավենը բացարձակապես միակողմանի է: Այսպես կոչված վավերագրական ֆիլմը նկարահանվել է գաղտնի: Ոչ ոք, բացի երկու գլխավոր հերոսներից և նրանց ընտանիքներից, չի մասնակցել դրա ստեղծմանը»,- ասել է Ջեքսոնի ընտանիքի փաստաբանը:

Ռեժիսոր Դեն Ռիդը, այնուամենայնիվ, չի կասկածում Սեյֆչակի և Ռոբսոնի բացահայտումների ճշմարտացիությանը: Մրցանակը ստանալուց հետո նա Ջեյմսին և Ուեյդին շնորհակալություն է հայտնել քաջության համար:

«Լքելով Նեվերլենդը» ֆիլմի հրապարակումից հետո Մայքլ Ջեքսոնի ընտանիքը դատի է տվել HBO-ին զրպարտության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել