Աշունը լիարժեք ստանձնել է իր ցրտամաղ պարտականությունը ու նույնիսկ հասցրել է շատերին մրսածությամբ վարակել` մի քանի բաժակ ավել թեյ խմելու հնարավորություն տալով: Մինչ շատերը հասցնում են անիծել գրիպն ու հազը, մենք առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենատարօրինակ հիվանդություններին և դրանց սինդրոմներին, որոնք լրիվ մոռացնել կտան ցուրտ եղանակը:
1880թ․-ին ֆրանսիացի նյարդաբան Կոտարն առաջին անգամ խոսեց մի հիվանդության մասին, որի ընթացքում մարդը կարծում է, թե ինքը մահացած է: Հետագայում այս սինդրոմը կոչվեց «Կոտարի սինդրոմ»: Կոտարի սինդրոմով տառապողները խորը դեպրեսիայի հետևանքով կարծում են, որ իրենք փտում են, որ աշխարհը կործանվում է, ու իրենք արդեն վաղուց մահացած են: Այս մարդիկ վստահ են, որ իրենց ներքին օրգաններն այլևս չկան, և իրենք գոյություն չունեցող ինչ-որ էակներ են:
Ոչ պակաս հազվագյուտ ու տարօրինակ հիվանդություն է Ուրբախ Վիտեի հիվանդությունը: Այս հիվանդության ընթացքում մարդը կորցնում է վախի զգացողությունը: Նա կարող է չվախենալ ու չզգուշանալ անգամ ամենակրիտիկական ու սարսափելի պահերին: Սա բժիշկները կապում են գլխուղեղային խանգարումների հետ և ոչ մի կերպ չեն հասկանում ինչպես ստիպել հիվանդներին նորից սկսել վախենալ:
Դուք արվեստի սիրահար եք ու անտարբեր չեք անցնում արվեստի և ոչ մի գործի մոտո՞վ, ապա չմոռանաք Ստենդալի սինդրոմի մասին: Այս դեպքում սինդրոմով տապակվողները կարող են, օրինակ, Պիկասոյի որևէ նկար տեսնելուց հետո ուշաթափվել, խորը ապրումների ու հալյուցինացիաների մեջ ընկնել: Սինդրոմը կոչվել է ֆրանսիացի գրող Ստենդալի անունով, ու հետաքրքրական է, որ հոգեկան անհանգստություններ կարող են առաջանալ ոչ միայն արվեստի գործեր տեսնելիս, այլ նաև բնության գեղեցիկ տեսարանի, գրավիչ կնոջ կամ տղամարդու հանդիպելիս:
Եվ վերջում անդրադառնանք ամենատարօրինակ սինդրոմներից մեկին, որը կոչվում է «Ալիսան հրաշքների աշխարհում»: Այս հիվանդության սինդրոմներով առանձնացողները չեն տարբերում մեծ ու փոքր իրերն իրարից: Դռան փոքր բռնակը նրանց կարող է դռան չափ մեծ երևալ, իսկ հսկայական տան պատերը՝ փոքր գծեր կամ զուգահեռներ: Սա ևս կապվում է հալյուցինածին դեղերի ընդունման կամ ուղեղային խանգարումների հետ ու համարվում է վտանգավոր սինդրոմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել