168.am-ը գրում է․

Ամուլսարի շահագործման շուրջ խճճված  պատմությունը  տհաճ շերտեր է բացել վարչապետի առաջ: Մինչ տարատեսակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհավաքեր թիմին՝ իշխանության դիրքորոշումը  հայտնելու համար, պարզվում է՝  խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն արդեն իսկ  հանդիպած է եղել  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության սորոսական թևին և առանց վարանելու հայտնել, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործման գաղափարին:

Եվ ուշագրավ է այն, որ խորհրդարանի խոսնակի դիրքորոշման մասին Փաշինյանը տեղեկացված չի եղել ժամանակին, նրան այդ մասին հայտնել է պատգամավորներից մեկը, և  այն ժամանակ, երբ Ծաղկաձորում «Իմ քայլ»-ականների հետ  հանգստի ռեժիմով Փաշինյանը քաղխորհրդի նիստ էր հրավիրել:

Մամուլում արտահոսք եղավ, որ հավաքին  Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի շահագործման արգելքի կողմնակիցներին հորդորել է հրաժարվել թիմի ներսում նոր խմբակցություն ձևավորելու գաղափարից, մանևրելու որոշ ելքեր է հուշել թիմակիցներին, որպեսզի տեսակետ արտահայտեն հարցազրույցների ժամանակ և թույլ չտան, որպեսզի քաղաքական հակառակորդ թիմում  չարախնդան իշխանական թևի պառակտումների համար:

Գրվեց նաև Ամուլսարի թնջուկի շուրջ Լենա Նազարյան-Բաբկեն Թունյան ֆեյսբուքյան դիսկուրսին Փաշինյանի կոշտ արձագանքի մասին: Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ այդ օրվա հանդիպումն իրականում  անցել է բավականին թեժ մթնոլորտում: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին նկատողություն է արել  թիմակիցների հետ չկառավարվող փնթի աշխատանքի համար, իրավիճակն անկառավարելի  դարձնելու մեջ մեղադրել է   ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ընդգծելով, որ շտապել է իր դիրքորոշումն արտահայտել՝ չսպասելով կուսակցության առաջնորդի կարծիքին:

Ասում են՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իրավիճակից դուրս գալու համար արդարացել է, թե բա՝ երկրի երկրորդ դեմքն եմ, բայց իշխանության դիրքորոշումն ինձ հայտնի է դառնում խմբակցության հետ հանդիպման ժամանակ,  վարչապետն էլ իր հերթին՝ կոշտ հակադարձել է Միրզոյանին, ասելով՝  դու երկրի երկրորդ դեմքը չես, քո պաշտոնն է երկրորդը համարվում:

Ի դեպ, ժամանակագրությանը հետևելով՝ նկատելի է, որ Փաշինյանի ընտանեկան «Հայկական Ժամանակ» օրաթերթում լույս տեսած խմբագրականը՝ Փաշինյանի միայնակ մնալու մասին,  քաղաքական դաշտում  մենախոսություն որակվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել