Մաքս Պլանկի աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ տիեզերքի տարիքը կարող է 11.5 միլիարդ տարուց ավելի քիչ լինել, գրում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ նրանք եկել են նման եզրակացության՝ հիմնվելով նոր ուսումնասիրության արդյունքների վրա:

Այն հիմնված է «գրավիտացիոն ոսպնյակ» կոչվող էֆեկտի դիտարկման վրա, երբ հեռավոր գալակտիկաներից եկող լույսն աղավաղվում է ինչ-որ զանգվածային օբյեկտի ձգողության ազդեցությամբ: Այս երևույթի շնորհիվ աստղագետները ոչ միայն կարողանում են հաշվարկել այդ գալակտիկաների հեռավորությունը, այլև հաշվարկել, թե ինչ արագությամբ են դրանք հեռանում մեզանից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ արագությունը մի փոքր ավելի բարձր է, քան ենթադրվում էր՝ ելնելով սահմանված Հաբլի հաստատունի արժեքից (այս մեծությունը որոշում է, թե որքան արագ է թռչում օբյեկտը՝ կախված դրա գտնվելու վայրից): Մինչ այժմ համարվում էր, որ այն մոտ 67 է: Այս ցուցանիշը նշանակում է, որ, օրինակ, երկու գալակտիկաներ, որոնք գտնվում են միմյանցից 1 մեգապարսեկ հեռավորության վրա, կթռչեն տարբեր ուղղություններով՝ վայրկյանում 67 կիլոմետր արագությամբ: Իսկ 2 մեգապարսեկի դեպքում՝ վայրկյանում 134 կմ: Ելնելով դրանից՝ ստացվում է, որ տիեզերքը Մեծ պայթյունից հետո իր ներկայիս չափերին է հասել 13.7 միլիարդ տարի անց: Այդքան էին համարում տիեզերքի տարիքը մինչ այժմ:

Իսկ ահա ներկայիս հաշվարկները Հաբլի հաստատունի բոլորովին այլ արժեք են տալիս՝ 82.4: Սա նշանակում է, որ Տիեզերքում բոլոր առարկաները շատ ավելի արագ են հակառակ ուղղությամբ թռչում, և ներկայիս չափերին հասնելու համար երկու միլիարդ տարի պակաս է պահանջվել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել