Panorama.am-ը գրում է.
Տավուշի մարզում սկսվել է բերքահավաքը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա թզի, հոնի, խաղողի բերքն են հավաքում։
Չինարիում այս տարի թզի առատ բերք են ստացել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն 200 տոննայից ավելի թուզ են արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայաբնակ չինարեցիներն էլ իրենց հերթին 50-60 տոննա թուզ են արտահանել, որ թշնամու կրակոցների տակ արարող ու ստեղծող գյուղացին բերքի իրացման խնդիր չունենա։
Սամվել Սողոյանն ասաց, որ սեպտեմբերի 18-ից Չինարիում սկսվի խաղողի բերքահավաքը. ակնկալում են հավաքել շուրջ 500 տոննա բերք։
«Կարծում եմ՝ իրացման հետ կապված խնդիր չենք ունենա։ Գյուղացիական տնտեսությունները Երևանի կոնյակի գործարանի հետ 230 տոննայի պայմանագիր են կնքել։ Բացի այդ, այլ մթերման կետերի հետ էլ պայմանագրեր ունենք»,- ասաց գյուղապետը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան. «Մեզ համար կարևորը խաղաղությունն է, եթե կրակոցներ չլինեն գյուղացին իր հացը կստեղծի, կապրի»։
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ արդեն 4-5 օր է սկսել են խաղողի բերքահավաքը։ Տարին, ըստ նրա, այնքան էլ բարենպաստ չէ, թեև սպասում էին խաղողի լավ բերք ունենալ, բայց բնակլիմայական պայմանների պատճառով՝ շոգերն ու դրան հաջորդած անձրևները, որոշ չափով վնասել են բերքը։
Գյուղապետն ասաց, որ ակնկալում են 2000 տոննա խաղող հավաքել։ Նրա խոսքով՝ պառավաքարցիները ևս պայմանագրեր ունեն Երևանի կոնյակի գործարանի և այլ մթերման կետերի հետ։
Խաղողից հետո հոկտեմբերի կեսերին Պառավաքարում կսկսվի արքայանարնջի բերքահավաքը։ Ռոլանդ Մարգարյանը հույս ունի, որ նորմալ բերք կունենան, եթե իհարկե եղանակն անակնկալներ չմատուցի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ