Մեզնից շատերն անհամբերությամբ սպասում են ծննդյան տարեդարձին այն, որքան հնարավոր է, հետաքրքիր ու ժամանցային անցկացնելու համար։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ ծննդյան տարեդարձների հետ կապված մի շարք անսովոր ավանդույթների, որոնք ամբողջովին կփոխեն ծննդյան տարեդարձների մասին մեր բոլորիս պատկերացումները։ 
Ճապոնիայում, օրինակ, առհասարակ ընդունված չէ ծննդյան օրը նշելը: Այստեղ ավելի շատ ընդունված է շնորհավորել հոբելյարի ծնողներին: Նվերների մասին առհասարակ խոսք գնալ չի կարող, քանի որ Ճապոնիայում կարծում են, որ նվերներ պետք է տալ միայն 60, 70, 79, 88 և 99 տարեկան դառնալու առթիվ:

Նույնը կարող ենք ասել աֆրիկյան պետությունների մասին: Գալլա ցեղախմբում, օրինակ, ծննդյան տարեդարձը նշում են 8 տարին մեկ, իսկ Հյուսիսային Աֆրիկայում առհասարակ ընդունված է ամբողջ կյանքում 2 անգամ տարեդարձը նշել` մե՛կ ծնվելու օրը, մեկ էլ 52 տարեկան դառնալու ժամանակ (ով չի հասնում այդ տարիքին, այդպես էլ 2-րդ տարեդարձ չի նշում):

Չնշողների բանակին կարող ենք ավելացնել նաև վիետնամցիներին: Նրանք անհատապես ոչ մեկին չեն շնորհավորում ծննդյան կապակցությամբ: Տարվա բոլոր ծնունդները նշվում են հենց ՆՈՐ ՏԱՐՎԱ գիշերը` ընթացքում առանձին-առանձին շնորհավորանքներից խուսափելու համար:

Էկվադորում, երբ լրանում է աղջկա 15 տարին, նա պարտավոր է վարդագույն զգեստ հագնել և խնջույքին պարել միայն իր հոր հետ: Առաջին պարի ժամանակ հայրն ու դուստրը պետք է շրջապատված լինեն ևս 14 զույգով:

Իսկ ահա Հարավային Աֆրիկայում հոբելյարի 21 տարին լրանալուն պես ծնողները նրան թղթե բանալի են նվեր տալիս: Սա նշանակում է, որ այսուհետ զավակն է տնօրինում իր կյանքն ու կարող է բացել բոլոր այն դռները, որոնք նա կցանկանա:

Կանադայի բնակիչները հաճախ ծննդյան տարեդարձին հետաքրքիր ավանդույթի են հետևում: Նրանք հոբելյարի քթին կարագ են քսում: Այսպես նրանք համոզված են, որ հոբելյարից սահելով կանցնեն բոլոր կյանքի դժվարություններն ու խնդիրները: Դրանից հետո նրանք կամաց զարկում են հոբելյարի կրծքավանդակին այնքան, որքան նրա տարիքն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել