Tert.am-ը գրում է․

Անդորրայում ՀՀ արդեն նախկին հյուպատոս Արա Բաղդասարյանի հյուպատոսական առաքելությունը լրանում էր 2019-ի դեկտեմբերին: Նրա խոսքով՝ եթե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր աշխատանքը համարում էր անարդյունավետ, կարող էր այդ մասին գոնե մեկ անգամ հայտնել իրեն, ոչ թե աշխատանքից ազատեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարի հրապարակումից հետո:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդորրայում ՀՀ նախկին հյուպատոս Արա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք»-ում այդ մասին հրապարակում արած օգտատիրոջ արձագանքը, թե իր պաշտոնանկությունը կապված է իր և Քոչարյանի համատեղ նկարի հրապարակման հետ, տրամաբանական է:

Ինչ վերաբերում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի՝ իր պաշտոնանկության վերաբերյալ այն հայտարարությանը, թե Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները դադարեցվել են դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ, Արա Բաղդասարյանն ասաց. «Շախմատում մի տերմին կա՝ ցուգցվանգ. ամեն քայլն ավելի է վատացնում իրենց վիճակը: Ավելի ծիծաղելի պատճառ չէին կարող բերել»:

Ինչ վերաբերում է աշխատանքից հեռացնելու ընթացակարգին, ապա Արայիկ Բաղդասարյանն ասաց, որ իրեն ոչ սահմանված ընթացակարգով են հեռացրել աշխատանքից. «Ոչ թե Ֆրանսիայում ՀՀ դեսպանության միջոցով են ինձ հայտնել աշխատանքից ազատելու մասին, այլ ուղիղ զանգով իմ հեռախոսին: Ասելիք չունեմ: Ցանկություն չունեմ այլևս անդրադառնալ այս հարցին, քանի որ, ըստ իս, այն կվնասի ՀՀ-ն վարկանիշին, որը ամենևին չէի ցանկանա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել