168․am-ը գրում է․

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավարի հաստիքը կրճատվել է: Խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ով զբաղեցնում էր այդ պաշտոնը, աշխատանքից դեռ չի ազատվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը:

«Այս պահին եղել է հաստիքի փոփոխություն, Արմեն Գրիգորյանի զբաղեցրած հաստիքը կրճատվել է, բայց նա դեռևս դուրս չի եկել աշխատանքից: Այս պահին նա ոչ մի հաստիք չի զբաղեցնում, ավելի ճիշտ՝ դեռ զբաղեցնում է կրճատված հաստիքը: Պետք է հրամանն ուժի մեջ մտնի, որ կատարենք մեր հետագա գործողությունները»:

Կարինե Կիրակոսյանի խոսքով՝ հաստիքի կրճատման հրամանում մասնավորապես նշված է, որ այն կրճատվել է հաստիքների կրկնության պատճառով, ինչը կոնֆլիկտների տեղիք է տալիս:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բալետային խմբի ղեկավար-գլխավոր փորձավարի, գլխավոր բալետմայստերի, ինչպես նաև բալետային տեսուչների և փորձավարների գործառույթները կրկնվում են, ինչի արդյունքում խանգարվում է բալետային խմբի աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, հանգեցնում է կոնֆլիկտային տարբեր իրավիճակների»:

Մեր հարցին, թե արդյոք կոնֆլիկտներ հրահրողն Արմեն Գրիգորյա՞նն է եղել, տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց, որ չգիտի:

«Ես չգիտեմ՝ հրահրողն ո՞վ է եղել, բայց հաստիքների և գործառույթների կրկնության արդյունքում կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում»:

Օրեր առաջ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ դժգոհում էին Արմեն Գրիգորյանի աշխատանքից՝ ասելով, թե ոչ ոքի չի լսում, իր սխալներն էլ չի նկատում, կոնֆլիկտներ է ստեղծում:

Կարինե Կիրակոսյանին հարցրինք՝ այս որոշումը կապ ունի՞ այդ ասուլիսի ու այնտեղ հնչած մտքերի հետ:

«Ոչ, կապ չունի: Մենք մեր ներքին կազմակերպական խնդիրներն ենք լուծում»:

Հիշեցնենք՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ Գործատուն իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը հաստիքի կրճատման դեպքում, այդ մասին աշխատողին զգուշացնելով 2 ամիս առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել