Երբ Միքայել Մինասյանն ասում է՝ հնին վերադարձ չկա, նա խոսում է ապագայի մասին։ Երբ նա ասում է «ապագա», ես տեսնում եմ իմ երեխաներին։ Նրանց, ում համար Հայաստանը հայրենիք է, ժառանգություն։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը մեջքով կանգնի ապագային, ասել է, թե՝ իմ և ձեր երեխաներին։ Չեմ ուզում նաև, որ մեր երեխաները շարունակեն իրենց հայրերի ու պապերի վեճը իրենց իսկ համադասարանցիների հայրերի ու պապերի հետ։ Ուզում եմ, որ մեր երեխաները միասին կառուցեն ապագայի Հայաստանը։ Հաշտ Հայաստանը։ Ուժեղ և ներդաշնակ Հայաստանը։

Կարծում եք՝ սա Մինասյանի այսօրվա գրառման սենտիմենտալ ընկալո՞ւմ է։ Չեմ վիճի։ Այո՛, երբ մարդիկ խոսում են սերունդների հաշտության, մեր պատմության արժևորման, ապագան ճիշտ հիմքերի վրա դնելու մասին, ես այլ կերպ չեմ կարողանում, որովհետև խրամատների միջից տեսնում եմ հաշտության հույսը, սխալներն ուղղելու շանսը և ամեն ինչ նորովի սկսելու հնարավորությունը։ Դա միասնականության կոչ է։ Դա խնդիրները ճիշտ ձևակերպելու և դրանք հաղթահարելու ուղի է։ Դա ապագան կառուցելու միակ շանսն է։ Ականջալուր չլինելու իրավունք չունենք։ Նորից եմ կրկնում՝ ապագան մեր երեխաներն են, որ իրենց հայրերից ու պապերից պիտի ոչ թե թշնամանք ժառանգեն, այլ հայրենիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել