Արդեն քաջ գիտակցելով իրադարձությունների զարգացման շղթան և դրա հետևանքները` Նիկոլը կտրուկ ակտիվացրել է «թավիշը» թե՛ հարձակվողական ճակատում և թե՛ պաշտպանողական: Գրոհը մեկնարկեց` Գագիկ Խաչատրյանին շուքով կալանավորելով: Դրան հետևեց հերթական քրեական գործ հարուցումը Սարգսյան ընտանիքի անդամներից մեկի դեմ: Ռեպրեսիայանման ինչ-որ փնթի ակցիաներ են իրականացվում ավտարիտետների նկատմամբ:

Գրոհելու հետ մեկտեղ, ինչպես ասացի, կառուցվում են խրամատներ ու պատնեշներ: Արտաքին քաղաքական հենարան-պատնեշ ակնկալելով` նա ամեն գնով պիտի շահագործի Ամուլսարը: Դրան զուգահեռ մերձենում է Ծռերի հետ ու կալանքից ազատում Նորքի զինյալներին, որովհետև, դե, քայլառաստների հիմնական մասն ամեն դեպքում վիրտուալից դուրս «գործ» անող չէ: Այս ամենն, անշուշտ, հղի է լուրջ ճգնաժամներով և անխուսափելիորեն բերելու է արյունահեղության, սակայն այս քայլերի շարանում մինչ օրս ամենավտանգավոր նախաձեռնությունը բանկային գաղտնիքի փաստացի վերացումն է:

Բանկային գաղտնիքի վերացումն, իհարկե, կմատուցվի որպես «հարուստներից խլել, աղքատներին բաժանել» ռազմավարության մասնիկ, սակայն, ըստ էության, դա հարուստների բանկային հաշիվների հետ կապ չունեցող նախագիծ է: Ասեմ ավելին՝ դա իրականում քաղաքական այլախոհների դեմ էլ չէ: Մեր ՀԿ-ի հաշվիները շինծու պատրվակով արդեն մի քանի շաբաթ է, ինչ սառեցված են, ու իշխանություններն էսօր էլ շատ լայն գործիքակազմ ունեն մեր նմանների դեմ: Թե´ քաղաքական այլախոհներին և թե´ հիմնադրամ չմուծվող «օլիգարխիային» հանգիստ կարող են էսօրվա օրենսդրությամբ էլ ճնշել: Կարող են ու փաստացի ճնշում են: Ով «խելքը գլուխն ա հավաքում», օլիգարխից դառնում է խոշոր սեփականատեր կամ «Լուսավոր»-ից դառնում է «Օրինաց», իսկ ով հրաժարվում է, մեզ նման այլ ուղիներ է գտնում: Մեզ նմաններին հնարավոր է լռեցնել միայն ֆիզիկապես (Ծռերի ջանը սաղ ըլնի):

Ո՛չ, այդ նախագիծը մեր դեմ չէ, ոչ էլ օլիգարխների դեմ է: Այս նախագիծը շատ լայն շերտերի համար է նախատեսված: Սա խոպանի շահառու հանդիսացող բոլոր մարդկանց վերահսկելու ու եկամուտները հարկելու գործիք է: Փաստ է, որ արտաքին տրանսֆերտների մեծ մասը գալիս է ՌԴ-ից, որի հետ հարաբերությունների «փայլուն» լինելու պատճառով Նիկոլը շատ մեծ մտավախություններ ունի: Նա փորձելու է վերահսկել հենց այդ սեգմենտը` ՌԴ-ից փող ստացող մարդկանց սեգմենտը: Ու դե ձեռի հետ էլ եկամտահարկի գծով բյուջեն լցնելու, որովհետև եկող տարվանից դեպի ԵԱՏՄ Հայաստանով ավտո ներմուծելու «դոպինգը» վերջանալու է: ՊԵԿ-ի վրա պլան է դրվելու, ՊԵԿ-ն էդ պլանը իջեցնելու է օպերների վրա, օպերներն էլ ամեն ինչ անելու են, որ պարգևավճար ստանան: Միջին օպերի վեջին չի, որ քո պրոֆիլին Նիկոլի նկարն ա խփած, քավրիդ էլ Ծռերն են: Փո՞ղ էս ստացել դրսից, ուրեմն՝ պիտի մուծվես:

Սա իր հերթին բերելու է բանկային համակարգից դրամական միջոցների արտահոսքին, ինչը կհարուցի լիկվիդայնության խնդիրներ, ինչը շղթայով կտանի մեզ այնտեղ, որտեղ մենք, մեկ է, սլանում էինք, բայց արդեն շատ ավելի արագ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել