Hraparak.am-ը գրում է․

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմում եղած խնդիրներին, առաջնորդի հանդեպ ունեցած դժգոհություններին։ Ներկայացնում ենք հրապարակումը հայերեն թարգմանությամբ։

«Սա իմ Լիանոչկան է։ Մենք հինգ տարի չենք կարողացել նրան կնքել։ Պատկերացնու՞մ եք։ 17 անգամ զանգել ենք թեմ, խնդրել, որ քահանա ուղարկեն։ Ոչ մեկը չի եկել»,- BBC-ի հետ զրույցում պատմել է Արսեն Մոսոյանը, ցուցադրելով իր հեռախոսում գտնվող դստեր լուսանկարը։ Մոսկվայից քահանայի Իժեւսկ գալուն սպասելուց հուսահատվելով, նրանք հրավիրել են հայաստանցի վանականի ու այդպես հայտնվել մի կոնֆլիկտի կենտրոնում, որը հասունացել է տարիներով, սակայն դուրս է հորդել այժմ։ Արսեն Մոսոյանը Իժեւսկում ապրում է արդեն 26 տարի։ Ռազմադեսանտային զորքերի Պսկովի դիվիզիայում ծառայելուց հետո նա վերադարձել է Ուդմուրտիա եւ սկսել շինարարական բիզնես։ Երբ տեղի հայ համայնքը որոշել է եկեղեցի կառուցել Իժեւսկում, օգնել է, ինչով կարողացել է։ Աշխատանքից հետո ընկերների հետ եկել է ու օգնել շինարարական աշխատանքներին, հիմքն է լցրել, պատերի շինարարությանն է օգնել, անձամբ բետոնապատում է իրականացրել։ Եկեղեցին կառուցվել է Ուդմուրտիայի հայկական հասարական կազմակերպության դրամական միջոցներով, կազմակերպության ղեկավարը Մնացական Առաքելյանի գումարներով եւ Բաշկիրիայից մի գործարարի մասնակցությամբ։

Ինչպես կարծում է Մոսոյանը, ՀԱԵ Ռուսաստանի թեմը շինարարությանը չի մասնակցել։ 2012 թվականին եկեղեցու կառուցումն ավարտվել է եւ համայնքը դիմել է Մոսկվա՝ Եզրաս արքեպիսկոպոսին՝ խնդրելով օծել եկեղեցին եւ քահանա նշանակել եկեղեցու համար։ Ի պատասխան, արքեպիսկոպոսը խնդրել է եկեղեցու եւ հարակից տարածքի սեփականության իրավունքը վերաձեւակերպել թեմի անունով, ընդունել կանոնադրությունը, որով ողջ իշխանությունը փոխանցվում էր Մոսկվայից ուղարկվելիք վանահորը։ Համայնքը կատարել է այս պայմանները, սակայն եկեղեցին մնացել է չօծված։ BBC-ի հետ զրույցում համայնքային կազմակերպության նախագահ Մնացական Առաքելյանը պատմել է, որ իբրեւ թե թեմը երկու հավելյալ պահանջ է դրել՝ վճարել ուղարկվելիք քահանայի աշխատավարձը, բացի արարողությունների համար տրվելիք գումարից, եւ 1,2 միլիոն ռուբլի փոխանցել «կայունության հիմնադրամին։ Այս առնչությամբ BBC-ի կողմից ուղարկված հարցմանը թեմից չեն պատասխանել։ «Թեմում բոլոր խոսակցությունները փողի մասին են։ Տպավորություն է, որ ոչ թե եկեղեցի է, այլ բիզնես, կամ առեւտրի կետ»։

Համայնքի անդամները խնդրել են նվազեցնել գինը եւ պահպանել համայնքի ձայնի իրավունքը՝ եկեղեցու կառավարչական հարցերում, որը համայնքն է կառուցել իր փողերով, իր հողի վրա, որը անհատույց տրամադրվել է նրանց։ Սակայն երկխոսություն չստացվեց։ Մոսկվայից նշանակված եկեղեցականը իրավաբանորեն դարձավ ծուխի ղեկավարը, սակայն այդպես էլ չտեղափոխվեց Իժեւսկ։

Արդյունքում համայնքը արդեն յոթ տարի եկեղեցու տարածքում կազմակերպում է ազգային տոների միջոցառումներ, պարապմունքներ երեխաների համար, սակայն եկեղեցին եւ հարեւանությամբ գտնվող երիցատունը շարունակվում է դատարկ մնալ։ BBC-ն պարզել է, նմանատիպ իրադրությունը միայն Իժեւսկում չէ, որ առկա է։ Նմանատիպ խնդիրներ, այս կամ այն զարգացման փուլում, առկա են նաեւ Ալթայում, Կեմերովոյի Կիրովի, Նովոսիբիրսկի եւ Սվերդլովկի մարզերում։ Ավելի վաղ, նման կոնֆլիկտ եղել է նաեւ Ռիգայում, որը նույնպես թեմի կազմում է։ Համայնքի՝ կուտակված հավակնությունների մասին խոսում են նաեւ Մոսկվայի տարբեր նախաձեռնող խմբերը։ BBC-ն հարցազրույցի համար հայտ է ներկայացրել Եզրաս սրբազանին, սակայն ստացել է մերժում։ Պարբերականի հետ զրույցում թեմի քահանաներից մեկը որոշ մեղադրանքներ, ուղղված իրեն, վիճարկել է, սակայն հետո խնդրել է իր որեւէ խոսքը չմեջբերել, ասելով, որ հարցազրույց տալու օրհնություն թեմից՝ չունի։

Ի պատասխան լրատվամիջոցի պաշտոնական հարցման, որտեղ մանրամասնորեն շարադրված են եղել բոլոր մեղադրանքները, ուղղված թեմին, թեմի խոսնակը ուղարկել է նամակ, որը բառացիորեն բովանդակել է հետեւյալը․ «Ի պատասխան ձեր հարցման, հաղորդում ենք, որ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի համայնքային կյանքում որեւէ խնդիր չկա։ Եթե որոշ անհատներ սեփական մերկանտելիստական նպատակներից ելնելով չարաշահում են ծխական կառույցները, ապա դա ծխի համար խնդիր չէ։ Հետեւաբար, ձեր կողմից բարձրացված խնդիրները որեւէ կերպ կապ չունեն այն ազգային-հոգեւորգործունեության հետ, որը ծավալում է թեմի եւ եկեղեցական ծխերի կողմից»։

/շարունակելի/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել