«Սեպտեմբերի 21-ին տեղի է ունենալու վարչապետ Փաշինյանի՝ երկար սպասված այցը ԱՄՆ: Իսկ հաջորդ օրը Լոս Անջելեսում վարչապետը նախատեսում է հանդիպում ունենալ տեղի հայերի հետ և ելույթով հանդես գալ Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրանդ պարկ» կոչվող տարածքում։

Նախատեսվում է մոտ 20 հազար մարդու ներկայություն՝ Կալիֆորնիայի մեկ միլիոնանոց հայ համայնքից։

Սփյուռքի հայ համայնքների հետ Հայաստանի պաշտոնական շրջանակների հանդիպումները կարևոր են, բայց մի՞թե վարչապետի այցը պետք է սահմանափակվի միայն Լոս Անջելեսում տեղի ունեցող հավաքով, քանի որ իշխանափոխությունից հետո նոր իշխանություններն այդպես էլ չեն կարողանում բեկումնային առաջընթաց գրանցել հայ-ամերիկյան հարաբերություններում: Երկկողմ փոխգործակցության համար պետք է քննարկման սեղանին դրվեն առարկայական ծրագրեր, որոնք դեռևս չկան, այնինչ աշխարհում թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է լուրջ խթան լինել մեր տնտեսության համար:

Պատահական չէ, որ ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից Փաշինյանը բացահայտ բողոքեց, որ ԱՄՆ-ի կողմից իրենց կատարած հեղափոխությունը բավարար չափով ուշադրության չի արժանացել: 

Խնդիրն այն է, որ վարչապետին իր պաշտոնավարման ընթացքում չի հաջողվում հանդիպել ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ: ԱՄՆ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում հետ Փաշինյանին հաջողվել է հանդիպել, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր, որն էլ օրերս հրաժարական տվեց:

Որպես հիմնավորում, թե ինչու ՀՀ վարչապետին չի հաջողվում հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել նախագահ Թրամփի հետ, որոշ վերլուծաբաններ նշում են, թե հնարավոր չի լինում ձևավորել այնպիսի օրակարգ՝ իր տնտեսական ասպեկտներով հանդերձ, որը կհետաքրքրի ԱՄՆ ներկայիս վարչակազմին:

Իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պարբերաբար հայտարարում է, թե հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակում, և հույս հայտնում, որ կգա ժամանակը, երբ Փաշինյանը կհանդիպի Թրամփի հետ:

Չնայած արտգործնախարար Մնացականյանի հուսադրող հավաստիացումներին, վարչապետի այցի օրակարգից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները մի քանի անհաջող փորձից հետո կարծես թե հույսները կտրել են, որ կարող են հանդիպման արժանանալ ԱՄՆ նախագահի, պետքարտուղար Պոմպեոյի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:

Իսկ որո՞նք են այն պատճառները, որ ԱՄՆ ղեկավարությունն անմատչելի է ՀՀ իշխանությունների համար:

Պատճառները հասկանալու համար առաջին հերթին պետք է դիտարկենք հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից տարվող քայլերը, որոնք ի ցույց են դնում կառավարությանը բնորոշ դիլետանտիզմը, քանի որ հեղափոխության ընթացքում քայլողները հայտնվել են այնպիսի պատասխանատու պաշտոններում, որ գլուխ չեն կարողանում հանել իրենց գործառույթներից, և մինչև հասկանան, թե ինչպես կարելի է աշխատել գործընկերների հետ, փոխգործակցության պատեհ ժամանակն արդեն վաղուց անցած կլինի:

Որպես ասվածի վառ օրինակ՝ կարելի է բերել Արարատ Միրզոյանի՝ վերջերս շուրջ 12 օր տևած անբովանդակ այցը ԱՄՆ, որը գրեթե ոչինչ չտվեց մեր երկրին, բացի պետբյուջեի վրա կլորիկ գումար արժենալուց:

Այսպիսով, պատահական չէ, որ փորձագետներն ու մասնագետներն արդեն կարծիք են հայտնում, թե ՀՀ նոր իշխանությունները պրոֆեսիոնալ են միայն հավաքների և միտինգների կազմակերպման գործում, դրանք լինեն Երևանի կենտրոնում, թե Լոս Անջելեսում, սակայն երբ գործը հասնում է գործնական ծրագրերի առաջ քաշմանը և իրականացմանը, մեր իշխանությունները ի ցույց են դնում իրենց անճարությունը:

Վարչապետ Փաշինյանը պետք է հասկանա, որ պոպուլիզմի կյանքը շատ կարճ է, պրոֆեսիոնալ մոտեցում է պետք որդեգրել, պետք է կշիռ ունենալ, որպեսզի ԱՄՆ-ի պես պետությունները հաշվի նստեն քեզ հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել