Tert.am-ը գրում է.

Ուրանի արդյունաբերական պաշարների մասին տվյալներ Հայաստանի Հանրապետությունում հայտնի չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, ե.գ.թ. Լիլիթ Սահակյանը`անդրադառնալով 2007 թ. ռուսական Горный журнал-ում հրապարակված՝ երկրաբանական գիտությունների դոկտոր ԳՊ. Ալոյանի գիտական հոդվածի մեջ տեղ գտած այն պնդմանը, ըստ որի` Ամուլսարում ուրանի ընդհանուր պաշարները կազմում են մոտ 100 տոննա:

Նա նշեց, որ Պ. Ալոյանը այդ մասին է գրել նաև 2010թ.-ին տպագրված իր մենագրությունում (155 էջ, 165 էջ, Алоян П.Г., 2010 Ураноносность геологических формаций Армении), որտեղ նշում է՝ «Արդյունաբերական ուրան Հանրապետությունում կա արդյո՞ք, թե ոչ: Դա դեռևս ոչ ոք չգիտի»-165 էջ:

«Ուրանի պարունակությունները համարվում են հարուստ, երբ ապարներում այն կազմում է 1(%)-ից բարձր: Երկրակեղևում ուրանի պարունակությունների միջին կոնցենտրացիան (U-1,8 ppm, 1ppm = 0.0001%) է: Գրոմովյան արշավախմբի հաշվետվության մեջ բերված են անալիզներ, որտեղ ուրանի պարունակությունները 0.016-0.072 ppm է (էջ 71), ինչը ըստ նույն հաշվետվության՝ արդյունաբերական նշանակություն չունի: Այլ, ընդհանուր պաշարների մասին ինֆորմացիա հաշվետվության մեջ նույնպես չկա: Ըստ «Լիդիան»-ի հաշվետվությունների՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունները վերին հրաբխային ապարներում 0.032 ppm է, ստորին հրաբխային ապարներում` 0.65 ppm, կոլուվիալ առաջացումներում՝ ավելի քիչ, ինչը չի գերազանցում միջին պարունակությունները երկրակեղևում (U-1,8 ppm)»,-ասաց նա:

Լիլիթ Սահակյանը նշեց, որ սրանք այն տվյալներն են, որոնք հասանելի են և որոնց հիման վրա մենք կարող ենք եզրակացություններ անել: «Եթե այս տվյալները վստահելի չեն, դա այլ հարց է: Այդ դեպքում անհրաժեշտ է մշտական և անկախ մոնիտորինգ լրացուցիչ տվյալներ ստանալու և համոզվելու համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել