41-ամյա Թրեյսի Բոթոմլին՝ անգլիական Շիփլի քաղաքից, սիրահարվել է կրկնակի սպանության համար դատապարտված Էռնեստ Օտո Սմիթին և որոշել է ամուսնանալ նրա հետ։ Ինչպես հաղորդում է Unilad կայքը, կինը նամակագրական կապի մեջ է եղել բանտարկյալի հետ 2018 թվականից։

«Էռնեստն ինձ չի վախեցնում։ Այո՛, նա սերիական մարդասպան է, դատապարտված է մի քանի հանցագործությունների համար, բայց ես հասկանում եմ, թե ինչ ռիսկի եմ դիմում և, միևնույնն է, սիրում եմ նրան։ Սպանվելը կյանքից հեռանալու լավագույն տարբերակը չէ, բայց այսպես թե այնպես բոլորս էլ մի օր մահանալու ենք։ Ինձ չի վախեցնում նրա զոհը դառնալու հավանականությունը»,– հայտարարել է կինը։

Բոթոմլին սկսել է գրել դատապարտյալին այն բանից հետո, երբ բանտի ֆեյսբուքյան էջում գովազդ է տեսել։ Նամակագրության ծրագրի մեջ նա հետաքրքրությունից է մտել, քանի որ այդ պահին միայնակ է եղել։ Բրիտանուհին հայտարարում է, որ իրեն գրավել է «նրա անցյալի մասին անկեղծ պատմությունը»։ Սմիթը նրան մանրամասն պատմել է իր հանցագործությունների մասին։

2005 թվականի հունվարին Սմիթը Տոլեդոյում կողոպտել և սպանել էր Ջեյմս Դիլինգհեմին (James Dillingham)։ Հետո նա սպանել էր վկա Քեթի Բարնեթին (Cathy Barnett)։ Ամերիկացին դատապարտվել է 2006 թվականի մարտին 32 տարվա ազատազրկման։

Մյուս տարի Բոթոմլին կմեկնի ԱՄՆ, որպեսզի ամուսնանա նրա հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել