1995թ․-ին արդեն ծերացած հայտնի գրող Կուրտ Վոնեգուտին հրավիրեցին Մասաչուսեթսի համալսարանի ավարտականների դիպլոմների հանձնման արարողությանը: Վոնեգուտը, օգտվելով առիթից, մի հանճարեղ ճառով հանդես եկավ, որն այնքան ակտուալ է նաև այսօր, որ չկիսվել չենք կարող.

«Հարգելի՛ ուսանողներ, երբեք մի՛ մոռացեք օգտվել արևապաշտպան քսուկներից, քանզի դրանց օգտակարությունն ապացուցված է գիտնականների կողմից, բայց նաև փորձեք լսել իմ այն խորհուրդները, որոնցով ես այսօր ձեզ հետ կկիսվեմ, չնայած դրանց ճշմարտացիությունը ոչ մի գիտնականի կողմից ապացուցված չէ:

Վայելեք կյանքը: Քանի դեռ դուք երիտասարդ եք, ու կյանքը ձեզ դուր չի գալիս, այն անցնում է աննկատ: Հավատացեք, 20 տարի անց դուք կհասկանաք, որ այն խնդիրները, որոնք ունեիք, այնքան էլ ահավոր չէին: Դուք կհասկանաք, որ ձեր առաջ հարյուրավոր հնարավորություններ էին բացված, դուք ավելի գեղեցիկ էիք, քան պատկերացնում էիք, և որ ո՛չ շատ գեր էիք, ոչ էլ շատ նիհար․ ձեր քաշն իդեալական էր:

Ամեն օր ձեզ վախեցնող որևէ բան արեք ու հաղթահարեք ձեր վախերը:

Երգեք:

Մի՛ մոռացեք պարբերաբար մաքրել ձեր ատամները:

Զգուշությամբ վերաբերեք ուրիշների սրտերին և մի՛ ներեք նրանց, ովքեր ձեր սրտին այդպես չեն վերաբերել:

Մի՛ վատնեք ձեր ժամանակը նախանձի վրա: Երբեմն դուք առջևում եք, երբեմն՝ հետևում։ Այս պայքարը չափազանց երկար է, ու դուք այն վարում եք միմիայն ինքներդ ձեզ հետ:

Պահեք ձեր հին սիրային նամակները ու դեն նետեք բանկային հաշիվները:

Հաճախ պարեք, անգամ եթե միակ տեղը, որտեղ կարող եք պարել, ձեր հյուրասենյակն է, և շատ կալցիում օգտագործեք, որովհետև մի օր ձեր պարող ծնկները կթուլանան, ու դուք կալցիումի ահռելի պակաս կզգաք:

Ձեզ մեղավոր մի՛ զգացեք, եթե չգիտեք՝ ինչով եք զբաղվելու 22 տարեկանում: Ինձ ծանոթ ամենահետաքրքիր մարդիկ անգամ չգիտեն՝ ինչով զբաղվեն 40 տարեկանում:

Գուցե դուք ամուսնանաք, գուցե և ոչ: Գուցե երեխաներ ունենաք, գուցե և ոչ: Գուցե բաժանվեք ձեր ամուսնուց, գուցե և նշեք միասին ձեր ամուսնության 75-ամյակը: Սա ձեր որոշումն է լինելու ընդամենը կիսով չափ, մյուս կեսը կախված է լինելու պատահականություններից, այնպես որ, դրանով գլուխ մի՛ գովեք, առավել ևս՝ մի՛ խարազանեք ձեր անձը:

Հարգեք ծերերին, սիրեք ձեր քույրերին ու եղբայրներին ու կառչեք ձեր ընկերներից, չնայած որ նրանք երբեմն անցողիկ են: Կան ընկերներ, որոնք անփոխարինելի են, ու դուք դա կհասկանաք միայն խոր ծերության մեջ: Թույլ մի՛ տվեք, որ հեռավորությունը ինչ-որ բան փոխի ձեր հարաբերություններում:

Հիշեք՝ դուք էլ եք խոր ծերության մեջ ասելու, որ ձեր ժամանակ գները ցածր էին, քաղաքական գործիչները՝ բարոյական, իսկ երեխաները հարգում էին մեծերին, սակայն այդպես չէ, օրինաչափությունները չեն փոխվում:

Մենք բոլորս մի օր հեռանալու ենք ընդմիշտ, բայց կարևոր է մինչև վերջ հավատալ ինչ-որ բանի։ Հավատն այն է, ինչ մեզ ողջ է պահում։ Մի՛ կորցրեք ձեր հավատը:

Այ այսպիսի խորհուրդներ: Հետևեք դրանց կամ զգուշությամբ վերաբերվեք, քանի որ խորհուրդը նոստալգիայի անբաժան մասն է, այն մեթոդն է, որ օգնում է անցյալդ ազատել աղբից: Իսկ արևապաշտպան քսուկներից օգտվել իրոք արժե, գիտնականներն են ապացուցել, այնպես որ, գոնե այդ առումով վստահ կասեմ՝ քսեք դրանք՝ անվնաս են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել