Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,
Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,
Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,
Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,
Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,
Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,
Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,
Ում տենչում ես, երբ պարտված ես եւ կամ հերոս հաղթական,
Հայաստանը ժողովուրդ է, ընտանիք է աղմկոտ,
Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,
Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,
Հայաստանը Տիգրան Մեծ է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,
Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,
Ֆիդայի նահատակներ են, որ ընկան երկրի համար:
Հայաստանը Բագարան է, Արտաշատ, Էրեբունի...
Հայաստանը պատմություն է, որ ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել