Pastinfo.am-ը գրում է․

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը չի բացառում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ ստվերային պայմանավորվածությունների մեջ է։ Այս մասին Շուշանյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում։

«Կարելի է մի քանի վարկած առաջ քաշել։ Հնարավոր է , որ դա ճնշման հետեւանքով է տեղի ունենում, հնարավոր է ՝արտաքին ճնշում է, հնարավոր է, որ վարչապետը ժողովրդից գաղտնի ստվերային բանակցությունների մեջ է եղել՝ իշխանությունը վերցնելուց, գուցե ՝ դրանից հետո, պարտավորություն է ստանձնել, որ այդ հարցը լուծվի։ Շատ հավանական է, որ կոռուպցիայի հետ գործ ունենք՝ վարչապետի մասնակցությամբ։ Դա նույնպես բացառել չեմ կարող, բայց որպես փաստ էլ բնականաբար չեմ կարող պնդել»,-ասաց Մուշեղ Շուշանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի թնջուկին ու Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ թեմայով վերջին հայտարարություններին։

Մուշեղ Շուշանյանի խոսքով, անհասկանալի է Փաշինյանի նման համառությունն Ամուլսարի հարցում։ Խնդրի իրավական կողմի վրա փաստաբանը չի ուզում ծանրանալ։ Շեշտում է՝ այս մասով ոլորտին խորությամբ ծանոթ մասնագետներն, ի դեմս Նազելի Վարդանյանի, ամեն բան ասել են, այժմ խնդիրը քաղաքական դաշտում է։

«Խնդիրը առաջին հերթին եւ գլխավորապես քաղաքական է։ Իրավական խնդիրների ենթադրյալ առկայությունը , որոնց մասին վարչապետը ներկայացրեց, թե դրանց կարող ենք բախվել հանքը չշահագործելու դեպքում, արհեստական էր։ Մասնագետները բազմիցս հիմնավորել են, որ դա այդպես չէ»։
Հիշեցնենք, նախօրեին վարչապետ Փաշինյանը ուղիղ եթերով կոչ արեց ջերմուկցիներին բացել դեպի հանք տանող ճանապարհը։ Վարչապետը ֆեյսբուքյան լայվի ժամանակ խոսեց հնարավոր տնտեսական վնասներից, որոնք կկրի Հայաստանը Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքով։

«Վարչապետը էժանագին , մանիպուլյատիվ հնարքների է դիմում, ինքը անում է հայտարարություններ , որոնք բացարձակապես որեւէ հիմք չունեն։ Իր նպատակն ընդամենը ժողովրդին ապակողմնորոշելն է։ Որեւէ փաստական եւ իրավական հիմք իր հայտարարություններում չկան»,-կարծում է Մուշեղ Շուշանյանը։

Փաստաբանը սպառնալիք է տեսել հանք տանող ճանապարհը ապաշրջափակելու՝ Փաշինյանի կոչի մեջ. «Այն, որ նա մի քանի անգամ կրկնեց, որ խնդրում է՝ ապաշրջափակել դեպի Ամուլսար տանող ճանապարհը, վկայում է, որ վարչապետը ուժային մեթոդներով խնդիրը լուծելու հիմք է ստեղծում իր համար, թե ես ձեզ խնդրանքով դիմեցի, դուք իմ խնդրանքը մերժեցիք, ես ստիպված եղա այդ քայլին դիմել»։

Մուշեղ Շուշանյանի կարծիքով, Փաշինյանի համար Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ դեռ օգոստոսին իր արտահայտած դիրքորոշմանը համաժողովրդական հակազդեցությունն անակնկալ էր ։

«Դրանից հետո՝ անցած ժամանակահատվածում երեւի ուժային լուծման տարբերակի վրա են կանգնել , բայց , բնականաբար, այս հարցը ուժային տարբերակով լուծել չեն կարողանալու եւ, եթե փորձեն այդ ճանապարհով գնալ, դա շատ վտանգավոր հետեւանքներ է առաջացնելու» ,-կարծում է Մուշեղ Շուշանյանը։

Մանրամասները ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել