«Կառավարությունում վարչապետ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը բուռն քննարկումների թեմա դարձավ:

Հիմնականում քննադատությունների տարափ սկսվեց Փաշինյանի հասցեին, թե վերջինս ընդունել է ահաբեկչական խմբավորման անդամներին: 

Մի քիչ տարօրինակ էր, որ այդ հանդիպումը փաստող պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, քանի որ վարչապետը կարող էր հանդիպումը կազմակերպել հանրության աչքերից հեռու և, ըստ այդմ, խուսափել քննադատությունների ալիքից, սակայն այդ հանդիպման հաջորդ օրը Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին որոշ փակագծեր բացեց, և պարզ դարձավ՝ ինչ հարցեր է փորձում բարձրացնել վարչապետը նրանց միջոցով:

Սեֆիլյանն իր հարցազրույցում շոշափեց մի շարք զգայուն խնդիրներ, որոնցից առավել կոշտ գնահատականները վերաբերում էին Ռուսաստանի հետ հարաբերություններին: Նախ՝ նա նշեց, որ Կրեմլին ձեռնտու չէ վարչապետ Փաշինյանի պաշտոնավարումը, և դրա համար էլ Ռուսաստանը մեր երկիրը սոցիալապես ձախողման տանելու փորձեր է կատարում:

Այս հայտարարություններն առանց Փաշինյանի գիտության չէին կարող լինել:

Եթե դրանք արտահայտեին «Սասնա ծռերի» միակողմանի պատկերացումները, ապա դրանք առնվազն արձագանքի կարժանանային վարչապետի խոսնակի կողմից:

Ուստի Փաշինյանը «Սասնա ծռերի» ձեռքով ուղերձներ է հղում Մոսկվային՝ առավել բորբոքելով առանց այդ էլ խնդրահարույց հայռուսական հարաբերությունները:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունները հնչում են երկու կարևոր իրադարձություններից առաջ: Նախ՝ սեպտեմբերի 22-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, իսկ հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան, ով մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:

Եթե Փաշինյանը ցանկանում է ԱՄՆ կատարելիք այցից մի քանի օր առաջ ամերիկյան կողմին ցույց տալ, թե ինքը կարող է նույնիսկ ռուսական կողմի համար ոչ հաճելի քայլերի գնալ, և դրանով աջակցություն է ակնկալում, ապա, կարճ ասած, նա մտնում է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում առկա հակասությունների դաշտ, որը ցավոտ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում, երբ Հայաստանի վրա ճնշումներ կան՝ կապված Սիրիա մարդասիրական զորախումբ ուղարկելու և խիստ պատժամիջոցների տակ ընկած Իրանի հետ հարաբերությունների հարցով:

Կորուստներից խուսափելու համար Հայաստանից պահանջվում է այնպիսի ճկունություն դրսևորել, որ ռուս-ամերիկյան հակասությունները չանդրադառնան Հայաստանի վրա, ավելին՝ հայ-ռուսական հարաբերություններում հարթվեն կնճռոտ հարցերը, իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում միջպետական օրակարգ ձևավորվի, որը դեռևս չկա:

Սեֆիլյանի հարցազրույցում մյուս կարևոր ուղերձը ներքաղաքական շեշտադրում ուներ: Այն վերաբերում էր հաջորդ տարի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը: Դրա համար որպես հիմնավորում Սեֆիլյանի կողմից ներկայացվում էր այն հանգամանքը, թե իբր «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իրականում չունի մեծամասնություն, և այդ մեծամասնությունը հատուկ ծառայությունների ճնշման տակ կարող է քվեարկել Փաշինյանի պաշտոնանկության օգտին»:

Միգուցե այսպիսի հայտարարությամբ էլ Փաշինյանը փորձում է մեսիջ ուղարկել հենց խորհրդարանական մեծամասնությանը, զգուշացնել իշխանական պատգամավորներին, որ պետք է ամեն ջանք գործադրեն վարչապետի դիրքորոշումը պաշտպանելու համար, այլապես շատ հավանական է, որ իրենք հաջորդ տարի չլինեն խորհրդարանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել