Armenpress.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ամուլսարի հարցով ճիշտ որոշում կայացնելու համար կարևորում է առաջին հերթին հաշվի առնել ժողովրդի կարծիքը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Պետք է ժողովրդին լսել. ժողովրդի համաձայնությունը կլինի, հանքը կբացեն, չի լինի, թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ինչպե՞ս կարելի է նրա կարծիքը հաշվի չառնել: Այսօր իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն է որոշելու»,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց՝ հարցը պետք է հաշվի առնել բոլոր տեսակետներից:

Ծառուկյանի կարծիքով՝ իշխանությունը տեսնում է, որ խնդիրներ կան։ Դրանք քննարկում են ավելի մանրամասն, որ կարողանան լիարժեք ճիշտ որոշում կայացնել: «Պետք է լիարժեք ուսումնասիրություն անցկացվի, ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ կարծիք հայտնի,-նշեց նա ու մանրամասնեց,- ժողովրդին պետք է ներկայացվի՝ հանքի շահագործումից վտանգ կա, թե ոչ»:

Հարցին, թե արդյոք դեմ է Հայաստանի տնտեսությունը հանքարդյունաբերությամբ զարգացնելու տարբերակին և պատրա՞ստ է, արդյոք, իր հանքարդյունաբերական գործարանները փակել հանուն Հայաստանի կայունության, Ծառուկյանը պատասխանեց՝ դրանում չկասկածեք: Նա նշեց՝ իր երկու հանքարդյունաբերական գործարաններն էլ պատրաստ է փակել, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել