Նախագահական ինքնաթիռի նախկին հրամանատար, Ռուսաստանի Դաշնության առաջին դեմքերի անձնական օդաչու Վլադիմիր Ֆեդորուշկինը НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Նոր ռուսական սենսացիաներ» հեռուստածրագրի եթերում պատմել է օդանավում տեղի ունեցած արտակարգ դիպվածի մասին:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ, ուր նախագահ Վլադիմիր Պուտինը շտապում էր հանդիպման:

«Եղանակը Մոսկվայում և Պետերբուրգում շատ վատ էր ինքնաթիռ վարելու համար․ անդադար քամի էր, այն էլ՝ ուժեղ քամի: Իսկ մենք օդ ենք բարձրանում և 5-6 մետր բարձրության վրա հայտնվում ենք տուրբուլենտության գոտում»,- մեկնաբանել է Ֆեդորուշկինը:

Ինչպես օդաչուն նշել է, դա իր 40 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում տեղի ունեցած ամենաբարդ դեպքն էր:

Նրա խոսքով՝ ամբողջովին խափանվել է ավտոպիլոտ համակարգը, ղեկանիվի հնարավորությունները նույնպես սահմանափակ էին: «9000 մետր բարձրություններում մեզ այնպես էր թափ տալիս, որ եթե ամրագոտիները գցած չլինեինք, հաստատ գլխով առաստաղին կհարվածեինք»,- հավելել է մասնագետը:

Վայրէջքից հետո Պուտինն օդաչուին կանչել է և հարցրել, թե դա ի՞նչ էր: «Մի քիչ զրուցեցինք այդ թեմայով նրա հետ: Իհարկե, հաճելի չէր: Գծից դուրս գալու հավանականությունը 90 տոկոս էր, բայց մենք գլուխ հանեցինք»,- եզրափակել է Ֆեդորուշկինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել