Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Որքան էլ Ձեզ տարօրինակ թվա, բայց հայրենիքը զուտ միայն հեռվից սիրելու կամ դրա իմիտացիայի համար չէ, հայրենիքը միայն ստանդարտ գնացուցակի համաձայն հոնորարով համերգ կազմակերպելու համար չէ, հայրենիքը «դուխով» գրառմամբ կեպկայով միտինգներին մասնակցելու և հետո անհայտ ուղղությամբ, անհայտ ժամանակով կորելու համար չէ: Ի վերջո, հայրենիքը փիառվելու համար խոպան գնալու տեղ չէ, որ ամեն մեկը գա ու փողոցային ակցիաների մասնակցի, հետո անհետանա և Աթանես Ղամբարյանի հայացքով հեռվից մելամաղձոտ կոչեր անի:

Հարգելիս, որքան էլ Ձեր ականջներին տարօրինակ հնչի, հայրենիքը նաև ապրելու համար է: Օրինակ՝ այս նկարներում երևանյան սովորական բակ է՝ քաղաքի կենտրոնում, Ձեր լեզվով ասած՝ downtown-ում, որտեղ մարդիկ են ապրում, որտեղ երեխաներ են ֆուտբոլ խաղում...

Ձեր «դուխով» կեպկայով նկարը հայտնվել է այս տեսարանում: Գիտե՞ք ինչու. որովհետև Դուք անձամբ եք Երևանը թաղել աղբի մեջ, Դուք անձամբ եք երևանցուն ստիպել, որ գարշահոտ շնչի, Դուք անձամբ եք նպաստել Երևանում առնետների բազմացմանը, որ մարդիկ դուռ-լուսամուտը կողպած քնեն ու վախենան առնետների՝ տուն ներխուժումից: Դուք անձամբ եք պատասխանատու այն վերահաս աղետի համար, ինչը բերել է հայաստանցու գլխին Ձեր կողմից կարգված իշխանությունը: Ինչո՞ւ Դուք անձամբ: Որովհետև մի երկրում, որտեղ Դուք առանց ուղեկցողի կամ GPS նավիգացիայի ունակ չեք Ա կետից Բ կետը տեղափոխվելու, անձամբ եք իշխանափոխություն արել, անձամբ եք «դուխով» կեպկան գլխներիդ դրած միտինգային հարթակ բարձրացել, ելույթներ ունեցել և կոչեր արել: Դուք անձամբ պատասխանատու եք այն իշխանության համար, որը Երևանը վերածել է մեծ աղբանոցի:

Եվ քանի որ Դուք այս իշխանությանը բերել ու փաթաթել եք ժողովրդի վզին, իսկ ինքներդ շարունակում եք օվկիանոսից այն կողմ Ձեր առօրյան, ապա ստանում եք այս գնահատականը՝ Ձեր նկարը աղբանոցում: Սա է Ձեր վաստակը, սա է մարդկանց գնահատականն ու վերաբերմունքն առ Ձեզ ու Ձեր հեղափոխական գործունեության անհատական մասնաբաժնին: Լավ եղեք ու հիշեք՝ սա դեռ սկիզբն է, հայաստանցիները Ձեզ ստիպելու են պատասխանատու լինել Ձեր ամեն մի քայլի և ամեն մի ասածի համար: Հայաստանցիները Ձեզ ստիպելու են պատասխանատու լինել այն մարդկանց ճակատագրերի համար, որոնց Դուք ուղղորդել եք, ոգևորել եք, համոզել եք: Ի դեպ, միգուցե և սա շանս է Ձեր անձի համար՝ վերջիվերջո դառնալու պատասխանատու մարդ և կատարելու տրված խոստումները:

Հ.Գ. Հիշեցնում եմ՝ Դուք շարունակում եք չկատարել ժողովրդի վարչապետին տրված Ձեր խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել