Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի քանի հակառուսական դեմարշներով՝ հակապուտինյան և հակահայ թափթփուկ գործիչ Վալերի Շիշկինին Հայաստանում ապաստան տալուց մինչև բացահայտ հակառուսական «Սասնա Ծռեր»-ի երկու ներկայացուցիչների հետ հանդիպումով...
Շատերի մոտ հարց է առաջանում... Ինչու՞ է պարոն Փաշինյանը սաստկացրել իր հակառուսական «հռետորաբանությունը»... Ըստ տարածված կարծիքների, Շիշկինին ապաստան տալով, Փաշինյանը «հակադարձեց» Մոսկվային ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ և ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հարցում, իսկ հակառուսական «ծռերի» հետ հանդիպումով էլ սպառնաց հայաստանյան հակահեղափոխականներին, որոնք իբրև թե պաշտպանվում են միայն Մոսկվայից... Այո՛, այդ կարծիքների մեջ որոշ իրականություն կա... Սակայն նշեմ, որ մինչև Միհրան Պողոսյանի դեպքը Կրեմլը հրաժարվեց Փաշինյանին հանձնել ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանին, իսկ Մոսկվայի կողմից հակահեղափոխականներին պաշտպանելը և այլ մեղադրանքներ Պուտինի հասցեին հնչում էին այսպես կոչված Թավշյա հեղափոխության հաջորդ իսկ օրվանից, կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետի վերջին հակառուսական սրացումներն ավելի շատ պայմանավորված են սեպտեմբերի 20-23 ԱՄՆ նախապատրաստվելիք այցով, ուր Նիկոլ Փաշինյանը մեկնում է մասնակցելու Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստին...
Սա ՀՀ վարչապետի երկրորդ այցն է ԱՄՆ... Առաջին այցի ժամանակ նա չկարողացավ հանդիպել ԱՄՆ քաղաքական վերնախավի որևէ ներկայացուցչի հետ, որը նրա ընդդիմախոսներին առիթ տվեց հայտարարելու, որ աշխարհով մեկ «գունավոր» հեղափոխությունները հովանավորող Վաշինգտոնը դժգոհ է Փաշինյանի արտաքին քաղաքականությունից և հենց այդ պատճառով էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում Փաշինյանը «արհամարհված» մնաց Թրամփի վարչակազմի կողմից... Հիշեցնեմ, որ մինչև 2018 թ-ի սեպտեմբերն ԱՄՆ մեկնելը պարոն Փաշինյանը անտրամաբանական մի որոշում էր ընդունել՝ Սիրիա ուղարկելով հայ խաղաղապահներին, որը, ինչպես հետագա գործընթացները ցույց տվեցին, "չգնահատվեց" Մոսկվայի կողմից, որին հայ խաղաղապահներով «կաշառելով» հայաստանյան իշխանությունները փորձում էին այլ ոլորտներում զիջումներ կլանել, բայց միևնույն ժամանակ բավականին սրեցին առանց այդ էլ շատ թույլ հայ-ամերիկյան հարաբերությունները...
Պաշտոնական Վաշինգտոնն առաջինը չհավատաց Փաշինյանի, այսպես կոչված, Թավշյա հեղափոխությանը, ի տարբերություն Վրաստանում, Ղրղզստանում, Սերբիայում և Ուկրանայում տեղի ունեցածի և խոշոր ֆինանսական օգնություն չտրամադրեց Երևանին... Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում նստած պաշտոնյաները ռոմանտիզմից զուրկ են և հավատում են կոնկրետ քայլերի, որով Փաշինյանը պետք է ապացուցեր, որ հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում փոփոխություններ կան... Ամերիկացիների համար ամենասպասելին՝ ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերման մասին լուրն էր, որին Վաշինգտոնում սպասում էին ու որը այդպես էլ տեղի չունեցավ... Հաշվի առնելով հայկական համայնքի հնարավորությունները Թրամփի վարչակազմը բացահայտ հակահայկական քայլերի չգնաց, բայց որոշ քայլերով հասկացրեց պաշտոնական Երևանին, որ դժգոհ է Փաշինյանի հեղափոխական իշխանությունից... Օրինակ՝ Սպիտակ տունն առաջին անգամ որոշեց դիմել Կոնգրեսին և չեղարկել ամեն տարի ԱՄՆ կողմից ուղղակի Արցախին տրամադրվող 5 միլիոն դոլար օգնությունը...
Ու հիմա, ԱՄՆ սպասվող այցից առաջ, Փաշինյանը հակառուսական որոշ դեմարշներով փորձում է պաշտոնական Վաշինգտոնին համոզել, որ նա էլ կարող է և ի վիճակի է հակադարձել Մոսկվային՝ այդպիսով հուսալով, որ ՄԱԿ-ի կուլիսներում Վաշինգտոնը կհամաձայնի կազմակերպել Փաշինյանի և Սպիտակ տան կամ Պետքարտուղարության ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի հանդիպումը...
Ի դեպ, Երևանում վերջերս տեղի ունեցած Փաշինյանի և ՀՀ արտերկրներում հավատարմագրված դեսպանների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը տարրական հարձակման ենթարկեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին, որին բացահայտ մեղադրեց անգործության մեջ. բոլորն էլ հասկացան, որ պարոն Փաշինյանն իր նախկին և սպասվելիք «ամերիկյան ձախողումները» ցանկանում է բարդել Վաշինգտոնում հավատարմագրված ՀՀ դեսպանի վրա, ինչը շատ զարմանալի է...
Հետաքրքիր է, ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե այս անգամ ևս արհամարհվի Սպիտան տան և Պետքարտուղարության կողմից ու կրկին բավարարվի նախագահի կամ պետքարտուղարի ինչ-որ խորհրդականի կամ օգնականի հետ հանդիպումով...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ձախողումները և այդ ամենին նրա անհեռատես արձագանքերը վտանգավոր են Հայաստանի համար...
Հ.Գ. Փաշինյանին չեն հավատում ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում, բայց հավատում են հեղափոխական էյֆորիան դեռ չթոթափած մեր հայրենակիցների մի մասը և հայտնի ՊՈԱԿ-ի կողմից վերահսկվող կեղծ օգտատերերը, որոնք ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքներն են «ձոնում» Փաշինյանին և նրա իշխանությունը քննադատողներին, բայց հավատում են Փաշինյանի հզորությանը, որը լպրծուն Շիշկինի և «Սասնա Ծռեր»-ի միջոցով ծնկի է բերել Պուտինին... Սակայն պարոն վարչապետը շատ լավ գիտի, որ միայն "մերոնց" հավատալը շատ քիչ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել