Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ: Փաշինյանի հետ հանդիպումից հետո պարոն Սեֆիլյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ՌԿ-ին և բացահայտել Կրեմլի հակափաշինյանական պլանները: Սեֆիլյանի այս բացահայտումները, ինչպես նաև նույն օրը Չուգասզյանի՝ հակահեղափոխականների հասցեին հնչեցված սպառնալիքները պատահական չէին. համոզված եմ, որ վարչապետի հետ հանդիպմանը քննարկված հարցերից գլխավորը Փաշինյանի և Կրեմլի միջև հարաբերություններն են:

Այն, որ այսպես կոչված Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ և ՌԴ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, հասկացել են նույնիսկ հեղափոխական էյֆորիայից չձերբազատվածներից շատերը: Չեմ մանրամասնի հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած վայրիվերումները: Ավելի մանրամասն կանդրադառնամ վերջին շրջանում կուտակված խնդիրներին, որոնցից ամենակարևորը ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումն է, որն ի սկզբանե սրեց հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ և ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին հայ իրավապահներին չհանձնելուն ի պատասխան Երևանի անտրամաբանական պատասխանները Մոսկվային:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ պարզվեց, որ Հայաստանը Պուտինին պատժելու համար ապաստան էր տրամադրել մեկին, ով իրեն հռչակել է հակապուտինական, բայց իրականում արկածախնդիր մի ստահակ է, որը նաև 2013 և 2015 թթ.-ին Արզամաս և Մինվոդի քաղաքներում հակահայկական ցույցերի և ակցիաների կազմակերպիչ է: Այս զարմանալի հակառուսական և հակահայկական քայլին հաջորդեց պարոն Փաշինյանի հանդիպումը ծռական Սեֆիլյանի և Չուգասզյանի հետ, որոնք բացահայտ հակառուսական քաղաքականության կոչերով են հանդես գալիս, և պատահական չէր նաև հանդիպումից հետո այդ երկուսի հարցազրույցների հակառուսական բովանդակությունը:

Ես ինքս կերազեի ապրել «Սասնա ծռերի» երազած Հայաստանում, որը գոնե առանց դաշնակցի կամ դաշնակիցների ի վիճակի կլիներ ապահովելու իր սահմանների անվտանգությունը, էլ չեմ ասում այլ հարցերի և խնդիրների մասին, որը մենք չենք կարող այս պահին լուծել: Սակայն ոչ միայն ես և միլիոնավոր մեր հայրենակիցները, այլև մեր բոլոր նախագահները և ներկայիս վարչապետը գտնում են, որ Հայաստանն այս պահին չի կարող այդ խնդիրներն ի մի բերել միայնակ, բացի պարոն Սեֆիլյանից և նրա փոքրաթիվ կողմնակիցներից, որոնք վերջին ԱԺ ընտրություններում ստացան ընտրողների ձայների 1,82 տոկոսը:

Փաստ է, որ բոլոր այն երկրները, որոնք դուրս են եկել ՌԴ-ի դեմ, անպայման ունեցել են տարածքային կորուստներ՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա: Արևմուտքը և ԱՄՆ-ն, որոնք հովանավորում էին ժամանակին այդ երկրներում հակառուսական քաղաքական ուժերին և գունավոր հեղափոխությունները, ոչ միայն 4,5 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանի, այլև 45 միլիոնանոց Ուկրաինայի համար բացահայտ առճակատման՝ պատերազմի մեջ չմտան Պուտինի հետ: Ու չեն էլ մտնի:

Բոլորիս էլ շատ լավ հայտնի է, թե ինչ կլինի մեզ հետ, եթե Հայաստանը բացահայտ հակառուսական քաղաքականություն վարի: Հարց. արդյո՞ք պատրաստ ենք մենք այդ զոհողություններին: Համոզված եմ՝ ոչ: Այո՛, հայ-ռուսական հարաբերությունները դեֆորմացված են, և դրանք պետք է կարգավորել: Բայց դրանք պետք է կարգավորել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե «աբառոտկաների»: Ծիծաղելի են ուղղակի նրանք, ովքեր իրոք հավատում են մեր հզորագույն պետություն լինելուն և այլ դեմագոգիաների: Հայաստանը կլիներ հզորագույն պետություն, եթե գտնվեր ոչ թե Հարավային Կոսկասում՝ շրջապատված 75 միլիոնանոց Թուրքիայով և 8 միլիոնանոց Ադրբեջանով, որոնք համարում են մեզ թշնամիներ և չեն թաքցնում, որ նախընտրում են գործ ունենալ մեռած հայի հետ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով մեր դեմ: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ սուտի հայրենասերները և սոցցանցային Ռեմբոներն առաջինն են լքելու իրենց կողմից կործանված Հայաստանը: Որքան հասկանում եմ, պատմությունը մեզ դաս չտվեց: Նույնիսկ ծվարվելով մեր պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի ընդամենը 13 տոկոսի վրա՝ մենք չհասկացանք, որ պետք է լինենք հայամետ, բայց ոչ սուտի, միֆերով և հեքիաթներով առաջնորդվող, քանի որ դա մեզ կտանի կործանման:

Ի դեպ, ծռականներին և նրանց երկրպագուներին առաջարկում եմ հակառուսական քաղաքականություն քարոզելուց առաջ գոնե Հայաստանը դարձնեն աշխատաշուկայի Մեքքա, քանի որ ամեն տարի 200 հազարից ավել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի: Կարգելվեն նաև ՌԴ-ից դեպի Հայաստան տրանսֆերները: Կարգելվեն նաև շատ այլ բաներ: Ու այդ ժամանակ շատ հետաքրքիր կլինի տեսնել Փաշինյանի, Սեֆիլյանի և այլ գործիչների դեմքերը, երբ այդ սոված և անգործ ամբոխի վերածված մասսան, մոռանալով հպարտ և քաղաքակիրթ քաղաքացի լինելու մասին, ծվեն-ծվեն կանի նրանց:

Ի դեպ, քաղաքակիրթ Արևմուտքի երկրները և հատկապես ԱՄՆ-ն բազմիցս են ապացուցել, որ երբ իրենց շահերն արհամարհվում են իրենց համար կարևոր նշանակություն ունեցող որևէ երկրում, ապա նրանք կարող են ավելի դաժան քայլերի գնալ, օրինակ՝ տապալել օրինական ընտրված իշխանություններին և մասսայական սպանդի դիմել, ինչպես 1973թ.-ին ԱՄՆ-ն արեց Չիլիում, 1981-90թթ.՝ Նիկարագուայում և այլն:

Հ.Գ. ՀՀ վարչապետի փորձերը՝ իր ռուսական վախերը Սեֆիլյանի և այլ հակառուսական գործիչների շուրթերով բարձրաձայնելու, վտանգավոր խաղի սկիզբն են, որից կտուժի ոչ միայն Փաշինյանը, այլև Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել