Pastinfo.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը պայմանավորված է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով։ «Սասնա ծռեր»-ը Փաշինյանի համար կարող են դառնալ այն ռադիկալ ընդդիմությունը, որը խաղի կանոնների համաձայն, կարող է ասել եւ անել այն, ինչ չի ցանկանում անել իշխանությունը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին կառավարությունում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը, նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Անսովոր է, որ մոտ 70 տոկոս ձայներ ստացած քաղաքական ուժը համագործակցում է մի ուժի հետ, որը 1.5 տոկոս ձայներ է ստացել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը վերահսկում է իրավիճակը եւ «Սասնա ծռեր»-ին փորձում է քաղաքական դաշտում օգտագործել որպես ուլտրառադիկալ աջ քաղաքական բեւեռ, որը կասի եւ կանի այն, ինչ ինքը չի ուզում անի։ Իր մոտ կա համոզմունք, որ «Ծռեր»-ը վերահսկելի կլինեն եւ չկա այն ուժը , որը կարող է հարվածել իրեն թիկունքից»,-ասաց Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով այսօր բազմաթիվ սուր հարցեր են ծառացած իշխանությունների առջեւ եւ պարադոքսն այն է, որ այդ հարցերի լուծումները՝ սկսած Ամուլսարից ու Ստամբուլյան կոնվենցիայից մինչեւ Ռոբերտ Քոչարյան, ՍԴ ու Արցախի շուրջ ստեղծված անորոշություն, ոչ թե ուժեղացնելու են իշխանությանը, այլ՝ թուլացնելու։

Հենց այս պատճառով, ըստ քաղտեխնոլոգի «Սասնա ծռեր»-ը հարկավոր են Փաշինյանի իշխանությանը։ Նրանք կարող են դառնալ այն խոսափողը, որն անընդհատ պահանջելու է գործող իշխանությունից հեղափոխական միջոցներով ճնշել այսպես կոչված հակահեղափոխությանն ու ռեւանշիստներին։ Ըստ քաղտեխնոլոգի, պայմանավորված խաղի կանոնների շրջանակում, նրանք այնպիսի հասարակական պահանջ պետք է ձեւավորեն, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած հեղափոխական թավիշը փոխարինի երկաթով եւ ավելի կտրուկ գործողություններ իրականացնի։

«Իշխանությունն իր քաղաքական պատկերացումներում «Ծռեր»-ին նման դերակատում է հատկացնում։ Հանդիպման գլխավոր նպատակն այն է, որ պայմանավորվեն ընդհանուր խաղի կանոնների շուրջ, բայց հիմնականում այս տիրույթում »,-ասաց քաղտեխնոլոգը։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, Վիգեն Հակոբյանի խոսքով նրանք իրենց նպատակն են հետապնդում. «Նրանք փորձելու են բարձրացնել սեփական ռեյտինգը՝ ցույց տալով, թե, այնուամենայնիվ, օրվա իշխանությունն առանց «Սասնա ծռեր»- յոլա չի գնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել