Aysor.am-ը գրում է.

ՀՀ Սահմանադրական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կա օրենդրական բաց ու դա բերել է դատարանների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ՍԴ հրապարակված ամբողջական որոշմանը։

«ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է, որ օրենսդրական բացը բերել է նրան, որ դատարանները տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս ու չկա օրենքում որևէ կառուցակարգ, որով հնարավոր կլինի անդրադառնալ անձեռնմխելիությանը», - ասաց Արամ Օրբելյանը՝ մեջբերելով հատվածներ ՍԴ որոշումից.

«Տեսեք, հրապարակված որոշման 18-րդ էջում հստակ նշված է.

«...այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից»։

Բացի դրանից, 20-րդ էջում ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է.

«Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին»։

Այսինքն, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սա այնպիսի բաց չէ, որը կարելի է մեկնաբանությամբ կամ այլ օրենքներ կիրառելով լրացնել ու, հետևաբար, ստացվում է հետևյալը՝ այդ օրենսդրական բացի շրջանակներում, երկրի նախագահի կողմից արարքներին գնահատական տալը որևէ վարույթի շրջանակներում՝ դա լինի Ռոբերտ Քոչարյանի վարույթը, թե այլ վարույթ, թույլատրելի չէ, որովհետև ՍԴ որոշման հաջորդող էջերում դատարանը բավականին մանրամասն մեկնաբանում է՝ որպեսզի խափանման միջոց կալանքը լինի իրավաչափ, պետք է տրված լինի ներպետական օրենքին համապատասխան, իսկ օրենք ասելով նկատի ունենք ինչպես նյութական, այնպես էլ՝ դատավարական։ Ընդ որում, օրենք ասելով նկատի ունենք օրենքի նաև որակը, որը չպետք է ունենա նմանատիպ սահմանադրաիրավական բացեր», - ասաց Արամ Օրբելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել