Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հակասող հայտարարություններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում Փաշինյանը, ինչ նկատի ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե Մոսկվան որոշել է ձերբազատվել Փաշինյանից, ապատեղեկատվություն է, բայց միևնույն ժամանակ ասաց, որ ՌԴ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ ներկայիս իշխանությունը կարևոր հարցերի շուրջ:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել էր «Սասնա ծռեր»-ի հետ, ինչից հետո վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հարցազրույցում ասել էր. «Կրեմլը որոշում ունի օր առաջ ձերբազատվել Փաշինյանից»: Արդյո՞ք դա այդպես է:

- Ինչ-որ խմբավորում, ինչ-որ կուսակցություն խոսում է նրա մասին, թե Կրեմլն ուզում է, չի ուզում… Որտեղի՞ց գիտեն: Մենք նման ինֆորմացիա չունենք: Նման որոշում չկա, սա բացահայտ դեզինֆորմացիա է:

- Իսկ կա՞ն արդյոք նախադրյալներ նման ենթադրություններ անելու համար:

- Մոսկվան օբյեկտիվ է, ծանոթ է Փաշինյանի բոլոր հայտարարություններին, ու վերլուծելով դրանք՝ կարող եմ ասել, որ հակասությունները շատ են: Նիկոլ Փաշինյանը հակասող հայտարարություններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում Փաշինյանը, ինչ նկատի ունի:

Օրինակ՝ Ղարաբաղի մասով արված հայտարարություններն ինձ համար այդպես էլ հասկանալի չեն: Մեկ նա հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, մեկ ասում է, որ Ղարաբաղն ու Հայաստանը մեկ են, որ Արցախը Հայաստան է: Եթե ուզում ես մի բան անել, ապա արա, եթե ուզում ես փոխել բանակցությունների ֆորմատը, ապա փորձիր փոխել, հրաժարվիր ներկայիս ֆորմատից, եթե չես ուզում փոխել, ապա ինչո՞ւ ես հայտարարում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններ: Բայց կոնկրետ ոչ մի քայլ չի արվում: Հակառակը՝ բանակցություններն ընթանում են այնպես, ինչպես ընթանում էին նախորդ իշխանության դեպքում, ոչինչ չի փոխվել:

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է հակասական հայտարարությունների պատճառը:

- Եկեք անկեղծ խոսենք: Հայաստանի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի պրովինցիալ: Հայաստանը չի կարողանում հաշվարկել տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քրդական հարց կա, բազում այլ հարցեր կան, ու արդյոք դրանք ներկայիս իշխանության օրակարգո՞ւմ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը ուզում է լինել ամբողջ հայության լիդերը, բայց արդյոք դա ուզում է հայությունը: Երբ Փաշինյանը կասի, թե կոնկրետ ինչն է ուզում, անկախ նրանից մենք կհավանենք դա, թե ոչ, մենք կգնահատենք: Բայց քանի դեռ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել